Ձկներ

Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը:

1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Այս շրջանում համապատասխան վերարտադրման պայմաններ են ստեղծվում սիգի համար և 1960 թ-ից սկսած դրա պաշարները աճում են՝ 1965 թ-ին կազմելով ձկան տարեկան որսի 40 %-ը: Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5 %, կողակինը՝ 32 %: Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները:

Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ  1976 թ-ից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 թ. այն ընդգրկվում է ՍՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թ. Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են նաև Հայաստանի Կարմիր գրքում: Սիգի քանակը այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տ: 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին սիգի պաշարները հասան առավելագույն քանակի` կազմելով 16000-18000 տ:

1980-ական թվականների սկզբից լճում սկսեց արագորեն աճել ծածանի քանակը:

 Այսպիսվ, ներկայումս լճում արդյունահանվում են սիգը և ծածանը: Ընդ որում` սիգը կազմում է ընդհանուր որսի 80 %-ից ավելին: Իշխանի 4 ենթատեսակներից լճում մնացել են գետում ձվադրող ձևերը՝ գեղարքունին և ամառային բախտակը: Ամառային բախտակի պոպուլյացիան ներկայումս գտնվում է անհետացման եզրին: Ստորև բերվում են ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը:

Լճածածան

Արծաթափայլ լճածածանը (Crucian carp) լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Արդեն 1990 թվին արծաթափայլ լճածածանի արդյունագործական որսաչափը կազմել է մոտ 200 տ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում, հասուն գոնադներով մտնում է Լիճք, Ծակքար, Մասրիկ, Արգիճի և այլ գետեր: Ձվադրում է նաև լճում: Պոպուլյացիայի հիմնական մասը բազմանում է
4-րդ տարում: Ձվադրությունը սկսվում է մայիսի վերջին և շարունակվում մինչև օգոստոս: Պոպուլյացիան ներկայացված է հիմնականում էգերից, արուները կազմում են մոտ 1 %: Լճածածանի բացարձակ պտղաբերությունը տատանվում է 14.8-168.9 հազար ձկնկիթի` միջին հաշվով կազմելով 74.5 հազար ձկնկիթ:
Լճածածանը, իր սննդառության բնույթով պոլիֆագ է (ամենակեր), կարող է խորացնել սաղմոնազգի և ծածանազգի ձկնատեսակների կերային բազայի այն բացասական հետևանքները, որոնք նկատվել են դեռևս 1980-ականների կեսերին: Լճածածանը սննդառության առումով համարվում է մրցակից տեղի ձկնատեսակների համար: 2005 թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լճածածանը աստիճանաբար տարածվում է ոչ միայն ափամերձ գոտիներում, այլև լճի խորքերում` սնվելով սիգի հիմնական կեր հանդիսացող զոոպլանկտոնով:
Սևանա լճում լճածածանի սննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի պայմաններում, այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը, ինչը հաստատվում է 2000-2005 թ. որսաչափի մեծացմամբ: Կարելի է ենթադրել, որ անսահմանափակ որսի արդյունքում, լճի մակարդակի բարձրացման և օլիգոտրոֆացման պայմաններում լճածածանի տարածումը կսահմանափակվի, քանի որ վերջինս նախընտրում է օրգանական նյութով հարուստ ջրերը: Սևանա լճում լճածածանի թվաքանակի մեծացումը կարող է բացասաբար ազդել Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վրա:

Սևանի կողակ

Սևանի կողակ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում տարածված է Սևանալճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում։
Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի։ Մեջքային լողակիեզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր։ Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ։ Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ սնունդը քերում է ստորջրյա առարկաներից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը սեղմված է միայն մեջքային լողակի հիմքի մոտ։ Կորագծում կա 46-62 թեփուկ։ Սևանի կողակի մեջքային լողակում կա 11-13 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ։ Ալանային ատամևերը եռաշարք են։ Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված տարիքից և կենսավայրի պայմաններից։ Մեջքը գորշաձև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը՝ մոխրաոսկեգույն, մոխրապողպատագույն, մանր ձկներինը՝ մոխրաարծաթավուն, կապտավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն, բաց մոխրագույն կամ դեղնավուն է։
Մեջքային, կրծքային և պոչային լողակները մուգ կամ բաց մոխրագույն են, գորշ, նարնջամոխրագույն, մոխրագույն՝ կարմրավուն հիմքերով։ Փորային լողակները և հետնալողակը ավելի բաց են գունավորված։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին։
Գետերում սեռահասուն է դառնում 3-4, Սևանա լճում՝ 6-7 տարեկանում և ավելի ուշ։ Սեռահասուն երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուն էգից ավելի վաղ է հասունանում և ավելի փոքրամարմին է։ Հարսանեկան շրջանում նրա դնչի (երբեմն՝ նաև մարմնի) վրա առաջանում են մինչև 80 մարգարտանման գոյացություններ։ Բազմանում է ապրիլ-օգոստոսին՝ ջրի 14°0-ից բարձր ջերմաստիճանում։ Ձվադրում է ջրակալների ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին՝ բաժիններով, յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ։ ԲԵղունությունը հասնում է 10-75 հզ. ձկնկիթի, որը դեղնագույն է, տրամագիծը՝ 1,3-1,5 մժ. Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6-7 օր։ Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով։
Վարում է մերձհատակային կենսաձև։ Բուսակեր է։ Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով։ Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։
Հաճախակի վարակվում է փոկորդով (Ligula intestinalis)։ Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն, մյուս վայրերում սիրող, ձկնորսության օբյեկտ է։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը: Ընդ որում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրման շրջանում արդյունահանման հետևանք է: 2005 թ. իրականացված հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ական թվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայի երիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22,9 սմ, ինչը ինտենսիվ որսի արդյունք է: Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը, որը առատ կերային բազայի առկայության ապացույց է:

Կողակը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Սևանի իշխան

Սևանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար
Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։

Միջին մեծության ձուկ է։ Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև՝ երբեմն էլ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, և քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։

Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ 
  • ձմեռային բախտակ՝ (Salmo danilewskii),
  • ամառային բախտակ՝ (Salmo ischchan aestivalis),
  • գեղարքունի՝ (Salmo ischchan gegarkuni),
  • բոջակ՝ (Salmo ischchan danilewskii)

որոնք միմյանցից տարբերվում են ձվադրման տեղերով ու ժամկետներով։

Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝

  • ալաբալախ՝ գետայինը։

Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։

Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են։ Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով։ Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում։ Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով։

Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում։ Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3-6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը։

Գեղարքունի 
(Salmo ischchan gegarkuni)

Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին)։ Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Մատղաշը 8-12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ։ Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3-5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400-600 գ զանգված։ Լճում հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-24 կգ զանգվածով իշխաններ։

Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6-7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն։ Ի տարբերություն իշխանի մյուս ենթատեսակների բոջակը բույն չի կառուցում, այլ ձկնկիթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 10°С ջերմաստիճանում լցնում է լճի հատակին մոտ 1,5-ից մինչև 15 մ խորության վրա:

 
 
Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ։ 1978 թվականից որսն արգելված է։
Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Սիգ

Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:
Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: 

 Սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1-ից (1991թ.) նվազել է մինչև 1.1՝ 2004 թ. և 1.6` 2005 թ.: Ընդ որում` 1990-ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներն էին, իսկ 1999 թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը: 2004-2005 թթ. սնվող վտառի գերակշռող մասը կազմել են 1+ ձկները (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Սիգի սնվող վտառի տարիքային կառուցվածքը (%) ըստ տարիների

ՏԱՐԻՆԵՐ 1+ 2+ 3+ 4+ 5+ 6+ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ
1991 2.5 15.4 49.7 32.4 3.1
1998 9.1 70.1 20.6 0.2 2.1
1999 41.7 40.4 16.8 1.1 1.8
2004 93.5 4.9 0.7 0.4 0.3 0.2 1.1
2005 65.0 20.2 10.4 3.3 0.9 0.2 1.6

 

Պոպուլյացիայի առանձնյակների մանրացումը պայմանավորված է նաև օգտագործվող որսամիջոցներով, որոնցով կատարվում է սելեկցիոն որս: Նախկինում հիմնականում օգտագործվել են համեմատաբար խոշոր խորշ ունեցող (45 մմ և ավելի) ցանցեր, ներկայումս առավելապես օգտագործվում են մանր խորշերով ցանցեր (40 մմ և ցածր), որի արդյունքում որսաբաժնում աճում է ոչ արդյունագործական ձկների բաժինը` միաժամանակ քչացնելով պոպուլյացիայի համալրման քանակները: Լճում ձկնային պաշարների նվազման պատճառով մեկ որսամիջոցի (քսակավոր և ձգովի ուռկան) արդյունագործական հզորությունը ընկել է 6-7 անգամ: Այս պարագայում 1+ տարեկան ձկների հետագա չվերահսկվող արդյունահանումը կհանգեցնի ընդհանուր ձկնային պաշարների վերջնական խզման, որի վերականգնման համար կպահանջվեն երկար տարիներ: Ակնհայտ է սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացումը: 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թ. կրճատվել է 17 անգամ: Դա իր բացասական ազդեցությունն է թողնում լճի լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, որով ավելի է խորացվում էվտրոֆացման պրոցեսը:

Սիգը ձվադրում է Սևանա լճի ափամերձ գոտու ամբողջ երկայնքով, հիմնականում 0.5-11 մ խորությունների վրա, գրեթե բոլոր գրունտներում՝ բացառությամբ տիղմի և մակրոֆիտների: Առանձին վայրերում սիգը կարող է ձվադրել մինչև 32 մ խորություններում: Ձվադրավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է լճի մակերեսի մոտ  16 %-ը: Վերջինս վկայում է սիգի բնական վերարտադրության մեծ հնարավորությունների առկայության մասին: Ձվադրումը կատարվում է նոյեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը: 2005 թ. սիգի միջին բեղունությունը կազմել է 14500 ձկնկիթ, որը մոտ 25-30 %-ով ցածր է 1980-ական թվականների սկզբի նույն ցուցանիշներից: Վերջինս պայմանավորված է սիգի պոպուլյացիայի չափատարիքային կազմի փոփոխություններով:

Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները պաշարների անխնա շահագործման հետևանք են: Չնայած, յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները:

Սևանի բեղլու

Սևանի բեղոտ (Barbus lacerta sevangi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճա-գետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Միջին չափի ձուկ է։
Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Խռիկային առէջները կարճ են՝ բահանման ծայրով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները կողագծում 54-72 հատ են։ Մեջքային լողակում կա 12 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է համեմատաբար թույլ զարգացած մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են, երբեմն՝ երկշարք։ Ընդհանուր գունավորումը դեղնամոխրավուն է։ Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն։ Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պտեր, որոնք խոշոր առանձնյակների մոտ կարող են ի հայտ չգալ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ։ Բազմանում է հունիս-օգոստոսին՝ ջրի 14-18 °C ջերմաստիճանային պայմաններում։ Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն։ Հանդիպում է վտառներով։ Վարում է մերձհատակային կենսակերպ։
Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով։ Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է։

Բեղլուն, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: