«Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում՝ Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիճի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11 184 հա (Քարտեզ 4):

Քարտեզ 4

1-ին հատվածի տարածքը կազմում է 388 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ ազգային պարկի սահմանի և 1-ին ռեկրեացիոն գոտու միջև (Փամբակի լեռնաշղթայի Արջուտ լեռնաբազկի հարավ-արևելյան լանջից մինչև Ծովագյուղ): Տնտեսական գոտու 1-ին հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է այս հատվածում ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը, թերակղզուց մինչև Սևան-Դիլիջան հին ճանապարհի վերջը թեք է, իսկ մնացած մասը` հարթ: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, որտեղ ծառատեսակներից գերակշռում են սոճին, բարդին, ակացիան և թեղին: Հատվածի միջնամասով, 5.3 կմ երկարությամբ, անցնում է երկաթգիծը, իսկ եզրամասով 5.5 կմ երկարությամբ` Դիլիջան-Սևան ավտոմայրուղին: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 11.3 կմ: Հատվածի տարածքով անցնում է 4.0 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր և 700 մետր երկարությամբ անցնում է Ձկնագետ գետը:

2-րդ հատվածի տարածքը կազմում է 60.2 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ ազգային պարկի սահմանի և 1-ին ռեկրեացիոն գոտու միջև (Հրազդան գետի և Ցամաքաբերդ գյուղի միջև): Տնտեսական գոտու 2-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

Տարածքի ռելիեֆը հարթ է, պատված նոսր անտառային տնկարկներով, որտեղ ծառատեսակներից գերակշռում են չիչխանը, թեղին և ուռին:

Հատվածի հարավային եզրամասով 1.3 կմ երկարությամբ անցնում է երկաթգիծը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2.6 կմ:

3-րդ հատվածի տարածքը կազմում է 159 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան մասում՝ 1-ին և 2-րդ ռեկրեացիոն գոտիների, Լճաշեն և Չկալովկա գյուղերի միջև: Տնտեսական գոտու 4-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, 1-ին և 2-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը գրեթե հարթ է: Անտառային տնկարկներով պատված է միայն հատվածի հյուսիս-արևելյան մասը, որտեղ ծառատեսակներից գերակշռում են բարդին, չիչխանը և թեղին: Հատվածի միջնամասով 3.2 կմ երկարությամբ անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհի հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9.1 կմ: Հատվածի տարածքով անցնում են 4.8 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր:

4-8-րդ հատվածների տարածքները կազմում են 176 հա: Դրանք գտնվում են «Սևան» ազգային պարկի արևմտյան մասում՝ Նորաշեն-Հայրավանք գյուղերի միջև: 4-րդ հատվածը ընկած է 2-րդ ռեկրեացիոն գոտու, Նորաշենի արգելոցի և ազգային պարկի սահմանների միջև: 5-րդից 8-րդ հատվածներն ընկած են 3-րդ ռեկրեացիոն գոտու և ազգային պարկի սահմանների միջև: Տնտեսական գոտու 4-8 հատվածների սահմանների նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, Նորաշենի արգելոցի, 2-րդ և 3-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածների գերակշռող մասերում ռելիեֆը ժայռոտ է և պատված է քարերով: Անտառային տնկարկներ քիչ կան, ծառատեսակներից հանդես են գալիս չիչխանը և թփանման ուռին:

 Հատվածների եզրամասով անցնում է Սևան-Գավառ ավտոճանապարհի 9.3 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 11.5 կմ:

9-րդ հատվածի տարածքը կազմում է 6128 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի արևմտյան և հարավային մասերում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ռեկրեացիոն գոտիների, «Գավառագետ» արգելավայրի և «Լիճք-Արգիճի» արգելոցի միջև: Տնտեսական գոտու 11-րդ հատվածի սահմանների նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի, «Գավառագետ» արգելավայրի, «Լիճք-Արգիճի» արգելոցի, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ռեկրեացիոն գոտիների սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը հարթ է: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, հիմնական ծառատեսակներից հանդես են գալիս սոճին, բարդին, չիչխանը, գիհին և թփանման ուռին:

 Հատվածի եզրամասով անցնում է Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 21.2 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 239 կմ: Հատվածի տարածքով անցնում են 7.2 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր և 18.9 կմ գազամուղ: Տնտեսական գոտու այս հատվածում են Գավառագետ, Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Բախտակ, Լիճք, Արգիճի, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար և Վարդենիկ գետերի գետաբերանային հատվածները:

10-րդ հատվածի տարածքը կազմում է 947 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հարավային մասում՝ Արփա-Սևան ջրանցքի և «Գիլլի» արգելոցի միջև: Հատվածի սահմանը անցնում է ազգային պարկի, «Գիլլի» արգելոցի, 6-րդ և 7-րդ ռեկրեացիոն գոտիների սահմաններով: Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը հարթ է: Տարածքը պատված է անտառային տնկարկներով, ծառատեսակներից հանդես են գալիս սոճին, բարդին, և գիհին:

 Հատվածի եզրամասով անցնում է Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 6.2 կմ և միջնամասով՝ 5.5 կմ հատվածը: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 21.3 կմ: Հատվածի տարածքով անցնում է 6.7 կմ գազամուղ, հոսում են Արծվանիստ և Կարճաղբյուր գետերը:

11-րդ հատվածի տարածքը կազմում է 3325 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևելյան մասում՝ Արեգունու լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա: Հատվածի սահմանն անցնում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների միջև: Տնտեսական գոտու 13-րդ հատվածի սահմանի նկարագրությունը համապատասխանում է ազգային պարկի և 1-ին ռեկրեացիոն գոտու սահմանների նկարագրությանը:

 Տնտեսական գոտու այս հատվածի ռելիեֆը կտրտված է բազմաթիվ ձորերով և ձորակներով: Այս հատվածում Արեգունու լեռնաշղթայի լանջերը ունեն մեծ թեքություններ:

 Հատվածում անտառային տարածքները հանդես են գալիս հատվածներով, ձորերում և ձորակներում, հիմնականում կազմված են սոճու, կաղնու և գիհու ծառուտներից: Հատվածը հարուստ է խոտաբույսերով:

Հատվածի եզրամասով անցնում է Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 15.5 կմ հատվածը, որով սահմանակցում է 1-ին ռեկրեացիոն գոտուն: Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 34 կմ: Հատվածի տարածքով անցնում են 12.1 կմ երկարությամբ բարձրավոլտ հոսանքի գծեր: Տարածքում գետերը հոսում են Արեգունու լեռնաշղթայի լանջերից և մշտական հոսք չունեն: