Սևանա լճի ջրհավաք ավազանում կլիմայի ձևավորման հիմնական գործոններն` են արևի ճառագայթումը և մթնոլորտային շրջապտույտը: Արևային ժամերի քանակը տարեկան տատանվում է 2600-2800-ի միջև:
Սևանա լճի ավազանի տարբեր հատվածներ աչքի են ընկնում տարբեր կլիմայական պայմաններով: Ամենաաննպաստ կլիմայական պայմանները դիտվում են լճի արևմտյան ափին, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -36 C: Լճի հակադիր՝ Արեգունու ափին ձմեռը համեմատաբար մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հասնում է -25 C -ի: Բարձրադիր շրջաններում 0 C-ից բարձր օրերի թիվը հասնում է 200-ի, ցածրադիր գոտիներում՝ 260 օր: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է հուլիս-օգոստոս ամիսներին (+28 C), նվազագույնը՝ հունվար-փետրվարին: Տարվա միջին ջերմաստիճանը տատանվում է 5-6 C-ի միջև:
Օդի հարաբերական խոնավությունը ենթակա է օրական և սեզոնային տատանումների: Ձմռանը միջին հարաբերական խոնավությունը Փոքր Սևանում կազմում է 70-75%, Մեծ Սևանում՝ 80-85%, ամռանը՝ համապատասխանաբար Փոքր Սևանում 65%, Մեծ Սևանում՝ 75%:
Ջրի և ցամաքի հարևանությամբ ու ռելիեֆի բազմազանությամբ է պայմանավորված քամիների գերակշռությունը այս տարածքում: Քամիների միջին տարեկան արագությունը ավազանում տատանվում է 1.5-6.0 մ/վրկ:
Սևանա լճի ջրհավաք ավազանում տարեկան գումարային տեղումների բաշխումը ընդհանուր առմամբ համապատասխանում է նրա լեռնագրությանը: Լճի ջրհավաք ավազանում մթնոլորտային տեղումները, կախված տեղանքի բարձրությունից, ավելանում են տարեկան 400 մմ-ից (լճի առափնյա շրջանում) մինչև 900 մմ-ի (շրջապատի լեռների մերձգագաթային շրջանում)՝ միջինը կազմելով 500-600 մմ: Տարվա ընթացքում լճի հայելու վրա տեղումների միջին քանակը կազմում է 390 մմ, այդ թվում՝ մայիս-հունիս ամիսներին՝ 115 մմ: Հիմնական գարնանային առավելագույն տեղումներից բացի դիտվում է նաև երկրորդ առավելագույնը՝ աշնանայինը: Տարվա ընթացքում նվազագույն քանակությամբ տեղումներ դիտվում են օգոստոս-սեպտեմբեր և հունվար- դեկտեմբեր ամիսներին:
Սևանա լճի ավազանում ձնածածկը ձևավորվում է նոյեմբերի կեսերին, կայուն ծածկը ձևավորվում է դեկտեմբերի սկզբին, իսկ նրա հալոցքը սկսվում է մարտի սկզբից և վերջանում ապրիլի վերջին:

Թողնել պատասխան