Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը:

1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Այս շրջանում համապատասխան վերարտադրման պայմաններ են ստեղծվում սիգի համար և 1960 թ-ից սկսած դրա պաշարները աճում են՝ 1965 թ-ին կազմելով ձկան տարեկան որսի 40 %-ը: Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5 %, կողակինը՝ 32 %: Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները:

Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ  1976 թ-ից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 թ. այն ընդգրկվում է ՍՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թ. Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են նաև Հայաստանի Կարմիր գրքում: Սիգի քանակը այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տ: 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին սիգի պաշարները հասան առավելագույն քանակի` կազմելով 16000-18000 տ:

1980-ական թվականների սկզբից լճում սկսեց արագորեն աճել ծածանի քանակը:

 Այսպիսվ, ներկայումս լճում արդյունահանվում են սիգը և ծածանը: Ընդ որում` սիգը կազմում է ընդհանուր որսի 80 %-ից ավելին: Իշխանի 4 ենթատեսակներից լճում մնացել են գետում ձվադրող ձևերը՝ գեղարքունին և ամառային բախտակը: Ամառային բախտակի պոպուլյացիան ներկայումս գտնվում է անհետացման եզրին: Ստորև բերվում են ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը: