Կայքում Դուք կարող եք գտնել <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Սևան>> ազգային պարկի տարածքի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվություն, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել կայքում նշված կոնտակտային հասցեներով կամ հեռախոսահամարներով:

<<Սևան>> ազգային պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978թ. մարտի 14-ի թիվ 125 որոշմամբ:

<<Սևան>> ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում` Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342 920 հա:

Մինչև 1997թ. <<Սևան>> ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները: Վերջիններս 1997թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում են <<Սևան>> ազգային պարկին: Պարկին հանձնվում են նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը:

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա:

<<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

“Սևան” ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր, քաղցրահամ լիճը` Սևանը, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը՝ 1238 կմ2: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 82.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 27.19 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը` Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան:

Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:

Թողնել պատասխան