Արծաթափայլ լճածածանը (Crucian carp) լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Արդեն 1990 թվին արծաթափայլ լճածածանի արդյունագործական որսաչափը կազմել է մոտ 200 տ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում, հասուն գոնադներով մտնում է Լիճք, Ծակքար, Մասրիկ, Արգիճի և այլ գետեր: Ձվադրում է նաև լճում: Պոպուլյացիայի հիմնական մասը բազմանում է
4-րդ տարում: Ձվադրությունը սկսվում է մայիսի վերջին և շարունակվում մինչև օգոստոս: Պոպուլյացիան ներկայացված է հիմնականում էգերից, արուները կազմում են մոտ 1 %: Լճածածանի բացարձակ պտղաբերությունը տատանվում է 14.8-168.9 հազար ձկնկիթի` միջին հաշվով կազմելով 74.5 հազար ձկնկիթ:
Լճածածանը, իր սննդառության բնույթով պոլիֆագ է (ամենակեր), կարող է խորացնել սաղմոնազգի և ծածանազգի ձկնատեսակների կերային բազայի այն բացասական հետևանքները, որոնք նկատվել են դեռևս 1980-ականների կեսերին: Լճածածանը սննդառության առումով համարվում է մրցակից տեղի ձկնատեսակների համար: 2005 թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լճածածանը աստիճանաբար տարածվում է ոչ միայն ափամերձ գոտիներում, այլև լճի խորքերում` սնվելով սիգի հիմնական կեր հանդիսացող զոոպլանկտոնով:
Սևանա լճում լճածածանի սննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի պայմաններում, այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը, ինչը հաստատվում է 2000-2005 թ. որսաչափի մեծացմամբ: Կարելի է ենթադրել, որ անսահմանափակ որսի արդյունքում, լճի մակարդակի բարձրացման և օլիգոտրոֆացման պայմաններում լճածածանի տարածումը կսահմանափակվի, քանի որ վերջինս նախընտրում է օրգանական նյութով հարուստ ջրերը: Սևանա լճում լճածածանի թվաքանակի մեծացումը կարող է բացասաբար ազդել Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վրա: