Սևանի բեղոտ (Barbus lacerta sevangi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճա-գետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Միջին չափի ձուկ է։
Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Խռիկային առէջները կարճ են՝ բահանման ծայրով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները կողագծում 54-72 հատ են։ Մեջքային լողակում կա 12 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է համեմատաբար թույլ զարգացած մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են, երբեմն՝ երկշարք։ Ընդհանուր գունավորումը դեղնամոխրավուն է։ Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն։ Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պտեր, որոնք խոշոր առանձնյակների մոտ կարող են ի հայտ չգալ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ։ Բազմանում է հունիս-օգոստոսին՝ ջրի 14-18 °C ջերմաստիճանային պայմաններում։ Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն։ Հանդիպում է վտառներով։ Վարում է մերձհատակային կենսակերպ։
Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով։ Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է։

Բեղլուն, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: