
Սևանի կողակ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում տարածված է Սևանալճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում։
Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի։ Մեջքային լողակիեզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր։ Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ։ Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ սնունդը քերում է ստորջրյա առարկաներից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը սեղմված է միայն մեջքային լողակի հիմքի մոտ։ Կորագծում կա 46-62 թեփուկ։ Սևանի կողակի մեջքային լողակում կա 11-13 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ։ Ալանային ատամևերը եռաշարք են։ Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված տարիքից և կենսավայրի պայմաններից։ Մեջքը գորշաձև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը՝ մոխրաոսկեգույն, մոխրապողպատագույն, մանր ձկներինը՝ մոխրաարծաթավուն, կապտավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն, բաց մոխրագույն կամ դեղնավուն է։
Մեջքային, կրծքային և պոչային լողակները մուգ կամ բաց մոխրագույն են, գորշ, նարնջամոխրագույն, մոխրագույն՝ կարմրավուն հիմքերով։ Փորային լողակները և հետնալողակը ավելի բաց են գունավորված։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին։
Գետերում սեռահասուն է դառնում 3-4, Սևանա լճում՝ 6-7 տարեկանում և ավելի ուշ։ Սեռահասուն երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուն էգից ավելի վաղ է հասունանում և ավելի փոքրամարմին է։ Հարսանեկան շրջանում նրա դնչի (երբեմն՝ նաև մարմնի) վրա առաջանում են մինչև 80 մարգարտանման գոյացություններ։ Բազմանում է ապրիլ-օգոստոսին՝ ջրի 14°0-ից բարձր ջերմաստիճանում։ Ձվադրում է ջրակալների ավազահատիկներով կամ մանր քարերով պատված հատակին՝ բաժիններով, յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ։ ԲԵղունությունը հասնում է 10-75 հզ. ձկնկիթի, որը դեղնագույն է, տրամագիծը՝ 1,3-1,5 մժ. Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6-7 օր։ Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաքանակ վտառներով։
Վարում է մերձհատակային կենսաձև։ Բուսակեր է։ Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով։ Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։
Հաճախակի վարակվում է փոկորդով (Ligula intestinalis)։ Սևանա լճում ունի արդյունաբերական նշանակություն, մյուս վայրերում սիրող, ձկնորսության օբյեկտ է։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը: Ընդ որում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրման շրջանում արդյունահանման հետևանք է: 2005 թ. իրականացված հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ական թվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայի երիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22,9 սմ, ինչը ինտենսիվ որսի արդյունք է: Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը, որը առատ կերային բազայի առկայության ապացույց է:
Կողակը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: