Սևանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար
Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։

Միջին մեծության ձուկ է։ Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև՝ երբեմն էլ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, և քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։

Իշխանն ունի 4 ենթատեսակ՝ 
  • ձմեռային բախտակ՝ (Salmo danilewskii),
  • ամառային բախտակ՝ (Salmo ischchan aestivalis),
  • գեղարքունի՝ (Salmo ischchan gegarkuni),
  • բոջակ՝ (Salmo ischchan danilewskii)

որոնք միմյանցից տարբերվում են ձվադրման տեղերով ու ժամկետներով։

Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝

  • ալաբալախ՝ գետայինը։

Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։

Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են։ Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով։ Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում։ Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով։

Երբ պատրաստվում են բազմանալու, կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, նրանք գունափոխվում են. դառնում են դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում։ Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3-6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը։

Գեղարքունի 
(Salmo ischchan gegarkuni)

Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին)։ Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Մատղաշը 8-12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ։ Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3-5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400-600 գ զանգված։ Լճում հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-24 կգ զանգվածով իշխաններ։

Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6-7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն։ Ի տարբերություն իշխանի մյուս ենթատեսակների բոջակը բույն չի կառուցում, այլ ձկնկիթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 10°С ջերմաստիճանում լցնում է լճի հատակին մոտ 1,5-ից մինչև 15 մ խորության վրա:

 
 
Ներկայումս միայն արհեստական պայմաններում է աճեցվում և բազմացվում ամառային իշխան. Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում ստեղծվել են ձկնաբուծարաններ։ 1978 թվականից որսն արգելված է։
Իշխանը, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: