Արտանիշ գյուղից հինգ կիլոմետր դեպի հարավ ու Ջիլ գյուղից դեպի հյուսիս երկու կիլոմետր, այդ գյուղերի մեջ ընկած ճանապարհից 500 մետր ՛դեպի Սևանա լիճը կա մի առանձին բարձունք, որն իր շրշապատից բարձր է շուրջ 100 մետր, և այդ բարձունքի վրա գտնվում է հնագույն Դաշտալեռ ամրոց-շենը։ Բարձունքը իր ստորոտներից մինչև գագաթը խիստ քարքարոտ է, նրա լանջերը գրեթե միատեսակ դյուրամատչելի են։ Լանջերը, հատկապես արևելյան ու հարավային, անընդմեջ ծածկված են բնակարանների ավերակներով։ Բերդ-շենի պարիսպները կառուցված են ոչ մեծ քարերից, որոնք անտաշ ու առանց միացնող շաղախի թափված են միմյանց վրա։ Բարձունքի գագաթը շրջանաձև, 2000 քառակուսի մետր տարածությամբ ներփակված է պարիսպներով, մուտք ունենալով դեպի հարավ-արևմուտք։ Մեր կարծիքով, սա ամրոց-շենի միջնաբերդն է եղել և, ի տարբերություն մյուս ամրոցներիորոնց միջնաբերդը գտնվում է ամրոցի որևէ բարձրադիր մասում, սրա միջնաբերդը գտնվում է ամրոց-շենի կենտրոնում։ Նրա շրջապատը ծածկված է կացարանների ավերակներով և 20—50 մետր երկարությամբ անցնում է երկրորդ պարիսպը, որը իր հարավային մասով միանում է երրորդ պարսպին։ Այս երկու պարիսպների միջև նույնպես կան կացարաններ։ Ամրոց-շենի չորրորդ, ոչ լրիվ պարիսպը սկսվում է երրորդ պարսպի հյուսիս-արևելյան մասից և, շրջանցելով ամրոցը արևելյան կողմով, շարունակվում է դեպի հարավ և վերջանում մի խումբ ժայռերի մոտ, որոնք գուցե քարաբուրգերի դեր են խաղացել։ Այս պարիսպը չի միանում որևէ պարսպի հետ։ Պարսպի լայնությունը երեք մետր է։ Երկրորդ և երրորդ պարիսպների միացման տեղը կարծես աշտարակի ավերակ լինի։ Նույնանման աշտարակի մնացորդներ երևում են երրորդ պարսպի հարավային մասում, որտեղ գտնվում է նաև մուտքը դեպի ամրոց։ Պարիսպներում, հատկապես չորրորդում, օգտագործված են բնական ժայռերը, ինչպես դա տեսանք Սևանա լճի հարավային և արևմտյան ափերում եղած ամրոցներում, նրանց ընդգրկելով պարսպի մեջ։ Ամրոց-շենը զետեղված է Սևանա լճի հյուսիսարևելյան կողմում գտնվող հովտում լճի մյուս ափին, Նորատուս գյուղին մոտ։ Հերի դարի ամրոցի ուղիղ դիմացը, իրենց դիրքով ու կառուցողական տեխնիկայով երկուսն էլ հիշեցնում են միմյանց։ Դաշտի լեռ ամրոցը հավանաբար պահակային հենակետ է եղել լճի արևմտյան ափում, Վելիքուխի երկրի ցեղերի կողմից հարձակումները կանխելու համար։ Ամրոցի շրջապատը հարուստ է ջրառատ առուներով։

Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.