ՙՍևան՚ ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33.2 կմ է, մակերեսը՝ 1238 կմ (Քարտեզ 2): Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ ), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ ): Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4-ը՝ Փոքր Սևան, 24-ը՝ Մեծ Սևան: Գետերի ավազանների մակերեսների գումարը կազմում է 2780 կմ (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 76.2%), իսկ միջավազանային տարածությունը՝ 696.0 կմ (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 23.8%-ը):
Գեղամա լեռնազանգվածից սկիզբ են առնում 5 գետեր, որոնցից Գավառագետը թափվում է Փոքր Սևան, իսկ մնացած գետերը, Շողվակ, Ծակքար, Բախտակ և Լիճք՝ Մեծ Սևան: Գեղամա լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 219×106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 27.73%-ն է:
Վարդենիսի լեռնազանգվածից սկիզբ են առնում 9 գետեր` Արգիճի, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար, Սելավգետակ, Վարդենիկ, Արծվանիստ, Մակենիս և Մասրիկ, որոնք թափվում են Մեծ Սևան: Վարդենիսի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 483 x 106 կմ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 61.9 % — ն է:
Սևանի լեռնազանգվածից սկիզբ են առնում 11 գետեր և առվակներ՝ Փոքր Մասրիկ, Շեկասար, Գյունեյ, Դարանակ, Փամբակ, Շիշկերտ, Ծափաթաղ, Ջիլ, Դալի, Նորուզ և Արտանիշ, որոնք թափվում են Մեծ Սևան: Սևանի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 36.5×106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 4.62 %-ն է:
Արեգունու լեռնաշղթայից սկիզբ են առնում 2 ոչ մեծ գետեր՝ Սպիտակաջուր և Դրախտիկ, իսկ Փամբակի լեռնաշղթայից՝ միայն Ձկնագետը, որոնք թափվում են Փոքր Սևան: Արեգունի-Փամբակ լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 45.4 x 106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 5.75 %-ն է:
Գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 26.8 մ /վրկ (առանց Արփա-Սևան ջրատարի): Սևանա լիճ թափվող գետերի ջրածախսի դինամիկան ցույց է տալիս, որ Գավառագետ, Ծակքար, Արգիճի, Վարդենիկ, Մակենիս և Մասրիկ գետերում տարվա ամենաջրառատ ժամանակաշրջանը ապրիլ-հունիս ամիսներն են, որը կապված է գարնանային վարարումների հետ: Դրանք սկսվում են ապրիլի առաջին կամ երկրորդ տասնօրյակից ու հիմնականում ավարտվում հունիսի երկրորդ տասնօրյակի ընթացքում: Գետերի մեծ մասի առավելագույն ելքերը, սովորաբար, դիտվում են գարնանային վարարումների ժամանակ: Սակայն կարող են դիտվել նաև ամառ-աշնանային սակավաջուր փուլի ընթացքում, որի պատճառը այս սեզոնում հաճախակի տեղացող տեղատարափ անձրևներն են: Գետերի մեծ մասն ունեն լավ արտահայտված սակավաջրության երկու փուլ՝ ամառ-աշնանային և ձմեռային:
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը, որի բնական հոսքը մինչև լճի մակարդակի իջեցումը եղել է 110 մլն մ : Այսօր այս գետը վերածվել է ջրանցքների և ջրատարների մի համակարգի, որով հոսում է Սևանա լճից ոռոգման նպատակներով վերցված ջուրը: