Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Ամրոցը տեղադրված է Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին, Գետիկ գետի աջ ափին, Աղջաղալա կոչվող գյուղատեղիից (այստեղ պահպանվել են շինությունների և եկեղեցու մնացորդներ, խաչքարեր) 1 կմ հարավ-արևմուտք, ՙԿարմիր եղցի՚ կամ Հին Գետիկի վանքի հյուսիսային տեսադաշտի դիմաց վեր խոյացող Աղջաղալա լեռան գագաթին: Մատչելի է Այգուտ և Մարտունի գյուղերից դեպի սարահարթ տանող ճանապարհով, ապա ամրոցի բարձունքը ոտքով հաղթահարելով: Դղյակը շարված է տեղական, սպիտակավուն երանգ ունեցող կրաքարի ճեղքված բեկորներով ու կրաշաղախով: Հուշարձանը ներքուստ ամբողջովին լցված է փլատակներից առաջացած քարակույտերով և ներքին հատակագծային տեսանելի որոշակիություն չունի: Հուշարձանի համատեքստում պահպանվել են նույն անունը կրող ընդարձակ բնակատեղին` 13-14-րդ դդ. եկեղեցու ավերակներով և մի քանի գերեզմանոցներով, որոնց հուշակոթողների թվագրությունը ևս վերաբերում է 10-14-րդ դդ.: