Ամրոցը գտնվում է գյուղի արևմտյան ծայրամասում եղած բարձունքի հարավային լանջում։ Գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն (150X65 մետր)։ Նրա ներսում ու դրսում նկատելի են կացարանների հետքեր։ Ամրոցի պարիսպների լայնությունը երեք մետր է, կացարանների պատերը ավելի նեղ են, չնայած կառուցման տեխնիկան նույնն է։ Ամրոցի մակերեսը պատերով բաժաված է երեք մասի, որից երկուսը հավասար մեծություն ունեն, մեկը ավելի մեծ է և գրավում է բարձունքի առավել բարձր մասը ու հավանաբար միջնաբերդի դեր է խաղացել, իսկ մյուս երկուսը եղել են որպես թաղամասեր, որոնք ընդհանուր պատնեշով միացվել են միմյանց հետ։ Ամրոցի մուտքը եղել է նրա արևելյան մասում։ Չնայած ամրոցի տարածքում կան խեցեղենի մանր բեկորներ, սակայն նրանց միջոցով որոշել ամրոցի ժամանակաշրջանը անհնար է։ Միայն պարիսպները, որ շարված ՚ են կոպիտ, անտաշ, ճեղքված բազալտ ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի և մանր քարերի լիցքի, ենթադրել են տալիս, որ այս ամրոցը ավելի վաղ ժամանակների կառույց է, թերևս II դ. հազարամյակի առաջին կեսի (մ. թ. ա.)։ Ամրոցից դեպի հարավ, բարձունքի ստորին լանջերը և ստորոտը ծածկված են միջնադարյան հայկական գերեզմաններով, իսկ նրանից էլ դեպի հարավ, Սևանա լճի ցամաքած մասում հայտնաբերվեց մի մեծ դամբարանադաշտ, որը, մեր կարծիքով, կարող է առնչվել ամրոցի ժամանակաշրջանի հետ։ Ամրոցից դեպի հյուսիս, մեկ ու կես կիլոմետր հեռու գտնվող սարահարթի վրա, որը ավելի բարձր է, քան նշված ամրոցը, պահպանվել է մի առանձին կիկլոպյան կառույցի հետք։ Այս կառույցը հավանորեն եղել է դիտակետ։ Այն ունի կիսաշրջանաձև, երկու մետր լայնությամբ, ավելի մանր քարերով շարված պատեր, որոնց երկու ծայրերը միանում են հյուսիս-արևելյան կողմից բարձրացող անառիկ ժայռաբլրին։ Պատերից պահպանվել է միայն մի շարը։ Կառույցը ունի 55×35 մետր մակերես։ Ամրոցի, ինչպես նաև դիտակետի շրջակայքում , ջուր չկա։

Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.