
Ազգային պարկում և հարակից տարածքներում առաջարկվող տուրիզմի ձևերը կարելի է բաժանել 2 գլխավոր տիպերի` հատուկ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող:
Հատուկ (նեղ մասնագիտացված) ձևերը կարող են լինել ինչպես դասական տուրիստական ուղևորությունների, այնպես էլ հետազոտական արշավախմբերի տեսքով: Դրանց շարքին են դասվում`
- վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching), oրինակ` թռչնադիտական (birdwatching), բուսաբանական,
- գեոէկոլոգիական, գիտական, ճարտարապետական, ազգագրական և այլ տուրերը:
Առաջարվող ընդհանուր հետաքրքրության երթուղիները դա բնության, մշակութային, արկածային, սպորտային և այլ գրավչություններ համատեղող ուղևորություններն են: Դրանք կարող են անցկացվել մեքենայով, հետիոտն, հեծյալ, դահուկներով, ինչպես նաև կոմբինացված արշավների ձևով: Ազգային պարկին հարակից բոլոր համայնքներում առկա է ագրո-տուրիզմի զարգացման զգալի ներուժ. ագրո-տուրիզմը կարելի է համատեղել կամ միացնել նաև տուրիզմի այլ ձևերի հետ, ինչպիսիք են` հետիոտն, հեծյալ, ձիերով և ավանակներով, ավտոմեքենաներով տուրերը, պատմա-մշակութային տուրերը, սիրողական ձկնորսությունը և այլն:
Վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching) տուրերից Հայաստանի պայմաններում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թռչնադիտական (birdwatching) և բուսաբանական տուրիզմը:
Բացի թռչնադիտական տուրերից կենդանական աշխարհի հետ կապված որոշ հետաքրքրություն Հայաստանի պայմաններում կարող է ներկայացնել միայն թիթեռների, համեմատաբար մեծ միջատների և կաթնասունների դիտումը: Ընդ որում միջատները գլխավորապես հետաքրքրություն են ներկայացնում մասնագետների համար:
Թռչնադիտական (birdwatching) տուրերը շատ տարածված ձև են և առանձնահատուկ տեղ են գրավում բնության հետ կապված տուրիզմի մեջ: Ազգային պարկի տարածքի հիմնական գրավչությունն է Նորաշենի «Ճայերի կղզում» գոյություն ունեցող Հայկական որորի պոպուլյացիան: 2010 թվականի ընթացքում «Նորաշենի» արգելոցում կահավորվել է էկոտուրիստական երթուղի, որի նպատակը արգելոցում թռչնադիտումների կազմակերպումն է: Ափամերձ տարածքներում բնակվող վայրի թռչունները հակված են փոխելու իրենց բնադրավայրերը:
Արտասահմանյան թռչնադիտողների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև Պարկի հետևյալ տարածքները.
- Լճաշենի ծովախորշը,
- Նորատուսի հրվանդանը,
- «Լիճք» արգելոցի փոքր լճակները,
- Մասրիկ գետի գետաբերանը,
- «Գիլլի» արգելոցի տարածքը,
- Արեգունի լեռնաշղթայի լանջերը:
Առաջարկված ընդհանուր հետաքրքրության երթուղիները հիմնված են Պարկի պահպանական գոտու ռեկրեացիոն, բնական և մշակութային գրավիչ վայրերի վրա: Վայրի կենդանաբանական տուրերը կարող են կազմակերպվել ավտոմեքենաներով (4×4), հետիոտն, հեծյալ կամ այդ բոլորի համատեղությամբ` ըստ տեղանքի և այցելվող վայրերի կարգավիճակի:
Ազգային պարկի պահպանական գոտին եզրագծող լեռնաշղթաները, մասնավորապես Գեղամա հրաբխային բարձրավանդակը՝ Աժդահակ (3597մ), Մեծ (3555մ) և Փոքր (3443մ), Սպիտակասար գագաթներով, Արմաղան լեռը (2829մ), Քարկատարը (3392մ), Վարդենիսը (3521մ), Սելիմի լեռնանցքը (2410մ) շատ հրապուրիչ են լեռնային տուրիզմի համար:
Պակաս գրավիչ չեն Սևանի շրջակա համայնքներից դեպի այս գագաթները տանող տարածքները: Հաճախ միևնույն նպատակակետին հասնելու համար հնարավոր է առաջարկել մի քանի երթուղի: Օրինակ` հանրահայտ Աժդահակի գագաթը Սևանի ավազանից առաջարկվում է մեկնարկել գլխավորապես Ծաղկաշեն գյուղից: Մինչ այդ կա և ուրիշ, ոչ պակաս հետաքրքիր տարբերակ` մեկնարկել Լանջաղբյուր գյուղից:
«Սևան» Ազգային Պարկի և նրա պահպանական գոտու առկա էկոտուրիստական երթուղիները.
- «Նորաշենի» արգելոցի տարածքում կահավորված էկոտուրիստական երթուղին,
- Սևան-Դիլիջան հին մայրուղու` Սևանի թերակղզուց մինչև Ախթամար ռեստորանի հատվածը,
- «Սևան» և «Դիլիջան» Ազգային Պարկերի տարածքները կապող ճանապարհի երկայնքով,
- Չկալովկա և Լճաշեն գյուղերի մոտակայքի „Քարե ծով“ չինգիլներ,
- Սարուխան գյուղ — Գռի ձոր:
Բացի հանրահայտ և հաճախ այցելվող պատմամշակութային հուշարձաններից, ինչպիսին են` Սևանավանքը, Հայրավանքը և Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի խաչքարերը, Ազգային պարկում և հարակից տարածքներում բազմաթիվ են տուրիզմի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տարբեր դարաշրջանների հուշարձաններ` ամրոց-բնակատեղիներ, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ և այլն: Բացի դրանից բազմաթիվ են նաև երկրաբանական հուշարձանները: