Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից 18 կմ հարավ, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին՝ Սելիմի լեռնանցքի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա, մի գեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է Վարդենիսի լեռնաշղթայի ալպյան գոտու տպավորիչ համայնապատկերը: Քարավանատունը մատչելի է ՄարտունիԵղեգնաձոր նորակառույց և բարեկարգ ավտոխճուղով և գտնվում է նրա անմիջապես ձախ կողմում: Հայաստանի ամենալավ պահպանված ու առավել հանրահայտ քարավանատներից է: Նրա կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի է երկու՝ հայերեն և արաբատառ պարսկերեն շինարարական արձանագրություններով: Երկուսում էլ քարավանատան կառուցող է հիշատակվում Չեսար Օրբելյան իշխանը, իսկ կառուցման տարեթիվը՝ ՉՁԱ (1332 թ.): Արաբատառ պարսկերենով արձանագրության մեջ քարավանատան կառուցման թվականը ստացվում է 1326-1327 թթ., որը հավանաբար սկսման տարեթիվն է: Արաբատառ արձանագրության առկայությունը հուշարձանի վրա պայմանավորված է այս լեզվի միջազգային նշանակությամբ առևտրական ճանապարհների վրա: Հայերեն արձանագրությունը փորագրված է նախասրահի աջ պատին, իսկ արաբատառ պարսկերենը՝ մուտքի բարավորի վրա: Քարավանատունը տեղադրված է ճանապարհին զուգահեռ, սառնորակ աղբյուրից ոչ հեռու: Շինարարության մեջ օգտագործված բազալտ քարի գույնը ներդաշնակում է քարքարոտ տեղանքին: Ճանապարհի ուղղությամբ արևմուտքից-արևելք ձգվող շինությունը բաղկացած է երեք մասից՝ բուն քարավանատան եռանավ դահլիճից, արևելյան կողմից սրան հարող նախասրահից և վերջինիս կողքին գտնվող երբեմնի թաղածածկ, այժմ կիսավեր մատուռից: Բավականաչափ մեծ՝ 13×26 մ չափեր ունեցող դահլիճը երկշարք (յուրաքանչյուր շարքում 7- ական) մույթերի տեղադրությամբ բաժանված է երեք նավերի՝ միջինը 5,3 մ, կողքերինը՝ 3,05-3,02 մ լայնությամբ: Մույթերը կարճ են, հատակագծում խաչաձև: Միջին և կողային նավերը ծածկված են գլանաձև թաղերով՝ հենված թաղակիր կամարներին: Վերջինների համար հենարան են ծառայում պատերն ու մույթերը իրար միացնող կամարների միջև տեղավորված պահունակները, որոնց քայլը համապատասխանում է մույթերի քայլին: Մույթերի միջև տեղադրված են քարակերտ մսուրներ: Դահլիճի մի անկյունում տեղակայված է ամբողջական բազալտ քարից կերտված մի գուռ՝ անասուններին ջուր տալու համար: Դահլիճի արևմտյան վերջավորությունում, կողային նավերի լայնությամբ, ոչ մեծ չափերի մեկական սենյակներ են՝ քարավանը ուղեկցող մարդկանց համար: Դահլիճի միակ մուտքը արևելյան կողմից է՝ նախասրահից: Շուրջ 340 քառ. մ մեծությամբ դահլիճը ծածկված է երկլանջ կտուրով, որն ամփոփում է երեք զուգահեռ թաղերը: Լուսավորումն իրականացվում է միջին թաղի գագաթի երեք երդիկների միջոցով: Երկլանջ կտուրը սալարկված է հնարամիտ ձևերով՝ անձրևանցիկություն ապահովող քարակերտ կղմինդրներով: Սելիմի քարավանատուն 50 Նախասրահը ոչ մեծ չափերի (5,35×9,0 մ) ուղղանկյուն սենյակ է՝ ծածկված թաղակիր երեք կամարներին հենվող թաղով: Արևելյան կողմից թաղակիր կամարները հանգչում են երեք պատուհանակներին, արևմտյան կողմից՝ բազմանիստ կիսասյուներին: Ներքին տեսքի հարստացմանն են ծառայում ստալակտիտազարդ պսակ ունեցող 6 պատուհանները (4` արևելյան և 2` հյուսիսային պատերում): Ինչպես ժողովրդական բնակելի տներում, այնպես էլ այստեղ, դրանք օգտագործվել են կենցաղային նպատակների համար: Նախասրահի երկլանջ կտուրը նույնպիսի քարակերտ կղմինդրով է սալարկված և կենտրոնական մասում ունի երդիկ: Բոլոր երդիկները ստալակտիտազարդ են: Իր ձևերով հատկապես հարուստ է նախասրահի հարավային ճակատը, որի կենտրոնում՝ խորշի մեջ ամփոփված է մուտքը: Սրա կիսաշրջան բարավորի հարթությունը պատված է վերը նշված պարսկերեն արձանագրությամբ: Խորշի անցումը պատի հարթությանը իրականացված է վերնաձիգ ստալակտիտային փարթամ պսակի միջոցով: Երկու կողմերում՝ ստալակտիտազարդ գոտու վրա կան բարձրաքանդակներ, ձախ կողմում թևավոր կենդանու, աջ կողմում՝ ցուլի: Խիստ գործնական բնույթի այս կառույցի ընդհանուր առմամբ պարզ լուծված ներքին և արտաքին ճարտարապետության գեղագիտական հատկանիշների բարձրացմանը էապես նպաստում են հարդարանքի վերը նշված միջոցների չափավոր կիրառությունը, որով այն տարբերվում է նմանատիպ այլ քարավանատներից: