Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավան գյուղի հյուսիս-արևելյան եզրին, Սևան- Գավառ խճուղային ճանապարհից անմիջապես ձախ, Սևանա լճի մեջ առաջացած մի քարքարոտ հրվանդանի վրա, որի նեղ պարանոցը պարսպելով վանքը ստացել է անմատչելի ամրոցի տեսք: Մատչելի է նշված խճուղային ճանապարհից ձախ թեքվելով (խճուղու վրա առկա է ցուցանակ): Մատենագրական աղբյուրներում Հայրավանքը հիշատակվում է նաև Հայր Հովհաննու, Մարդ Աղավնեաց, և Այրի վանք անուններով: Այս համալիրի հիմնադրման մասին ստույգ տվյալները բացակայում են, սակայն եկեղեցին իր մի շարք հատկանիշներով կարող է վերագրվել 9-րդ դ. վերջին՝ կառուցված շինարարական գործունեությամբ բեղմնավոր սյունյաց Մարիամ իշխանուհու պատվերով: Բաղկացած է եկեղեցուց և գավթից: Եկեղեցին կառուցված է որձաքարերից և գտնվում է հրվանդանի լճահայաց կողմում: Իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է քառաբսիդ եկեղեցիների տիպին՝ ներսից և դրսից խաչաձև հատակագծով, որում կիսաշրջան չորս խորանները կիսագլանաձև են և դուրս են մնում գմբեթատակ քառակուսուց: Հարավ-արևելյան անկյանը կից է մի փոքր ավանդատուն, որի մուտքը հարավային խորանից է: Եկեղեցին լուսավորվում է խորանների և թմբուկի ոչ մեծ պատուհաններով: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթը իրականացվում է տրոմպների համակարգի միջոցով: Եկեղեցու ճարտարապետական հարդարանքի տարրերը (քիվերը, պատուհանների երեսաքարերը, կամարների կրկնաքարերը) ունեն վաղ միջնադարյան ձևեր: Պատերը կառուցված են կոպիտ մշակված որձաքարերով: Կոնստրուկտիվ տեսանկյունից պատասխանատու մասերը՝ խորանների անկյունները, կամարները, գմբեթարդները և գմբեթը սրբատաշ քարերից են և նման են Սևանի ավազանի 9-10-րդ դդ. եկեղեցական հուշարձաններին:

Պատին պահպանված արձանագրության համաձայն եկեղեցին վերանորոգվել է 1211 թ. վանքի առաջնորդներ Հովասափ և Ներսես եղբայրների օրոք: Ժամատունը կամ գավիթը կցակառուցվել է եկեղեցուն արևմտյան կողմից, հարմարեցվել ժայռազանգվածի չափերին, որի պատճառով նրա և եկեղեցու առանցքները չեն համատեղվել: Կառուցված է սրբատաշ քարից, ունի կուռ և մոնումենտալ տեսք: Ժամատան մուտքը արևմուտքից է, իսկ եկեղեցու մուտքը՝ հարավ-արևելյան անկյունից: Ժամատան արևելյան անկյուններում ավանդատներ են, ուր մտնում են համապատասխանաբար հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան անկյունների դռներից: Ժամատան ծածկն ունի հետաքրքիր և ինքնատիպ լուծում, որը ութանիստ թաղով ու երդիկով պսակված կենտրոնական հատվածով, հենվում է արևմտյան կողմի զույգ սյուները և արևելյան զույգ կիսասյուները կապող կամարների վրա: Ժամատան կառուցման տարեթիվը չի վկայված: Ճարտարապետական ձևերով ու կառուցման առանձնահատկությամբ նման է 12-13-րդ դդ. նույնատիպ հուշարձաններին: Այն, հավանաբար, կառուցվել է հենց 1211 թ. վերանորոգման ժամանակ, կամ նրանից անմիջապես հետո: Եկեղեցու վրա առկա արձանագրությունների թիվը համեմատաբար ավելի քիչ է (թվով 5) քան գավթի վրա (48): Հայրավանքը գործել է մինչև 17-րդ դ. կեսերը: Նրա շրջակայքում պահպանվել են գեղաքանդակ խաչքարեր, տապանաքարեր, տնտեսական շենքերի (տների, խուցերի, ձիթհանի) մնացորդներ և այլն:

API key not valid. Please pass a valid API key.