Պառավի կամ Իլիկյա վանքի ամրոց, Գավառ քաղաքից 10 կմ հարավ, Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի բարձունքի վրա կա մի վանք՝ Պառավի կամ Իլիկյա անունով։ Վանքի շրջակայքում երևում են կիկլոպյան ամրոցի ու բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղում մասամբ պահպանվել է միջնաբերդը։

Սարահարթի արևմտյան լանջը թեք է և գագաթի մոտ վերջանում է քսան մետր բարձրություն ունեցող քարային ուղղաձիգ զանգվածով, նրա ստորին մասում որոշակի երևում են քարանձավների մուտքերը։ Այդ մուտքերով այժմ կարելի է ներս մտնել միայն սողալով, քանի որ մուտքերը լցված են քարով ու հողով։ Պարզ երևում են մուտքերի պատերը և նրանց ծածկերը, որոնք մեծ-մեծ սալաքարերով են կառուցված։

Միջնաբերդը գրավում է բարձունքի առավել հարթ, սակայն գերիշխող մասը։ Ի տարբերություն մյուս ամոցներում եղած միջնաբերդերի, այստեղ բնակարաններ ավելի շատ կան և դրանք կանոնավոր կերպով հիմնականում արևելյան պարիսպների տակ են շարված՝ օգտագործելով պարիսպը որպես արտաքին պատ։

Միջնաբերդի պարիսպների վրա հայտնաբերվեցին ինը աշտարակ, որոնք դասավորված են միջնաբերդի անկյուններում, մուտքերի մոտ և այն տեղերում, որտեղից ավելի լավ է դիտվում շրջապատը։

Բարձունքը, որի վրա գտնվում է ամրոցը, արևմտյան կողմում բարձր է իր շրջապատից ավելի քան 150 մետր, դեպի արևելք աստիճանաբար իջնում է մինչև հանդիպակաց լեռան ստորոտները, որտեղ կան բազմաթիվ դամբարաններ, հյուսիսից նույնպես իջնում է մինչև Գավառագետի հովիտը, միայն դեպի հարավ։ Բարձունքը ձգվում է մի քանի կիլոմետր, մինչև Գեղարքունիք գյուղը։ Արևմտյան լանջը գրեթե ուղղահայաց թեքություն ունի։ Ամրոցն ավելի անխոցելի դարձնելու համար երեք կողմից պատրաստված է 3, նույնիսկ տեղ-տեղ երևացող 4 կարգ պարիսպներով։

Միջնաբերդի առաջին՝ հիմնական պարիսպն ունի 5 մետր լայնություն, մյուսները՝ աստիճանաբար նեղանում են։ Քարերը շարված են առանց շաղախի, երկշար, որոնց մեջ լցված է մանր քար ու խիճ։ Պարիսպների միջանկյալ տարածությունների վրա նկատելի են բազմաթիվ բնակարանների հետքեր։

Ամրոցն իր չորս պարիսպներով զբաղեցնում է մոտ ութ հեկտար տարածություն, իսկ միջնաբերդը՝ շուրջ մեկ հեկտար։ Բացի դրանից, պարիսպներից դուրս կան մեծ քանակությամբ բնակարանների ավերակներ, որոնք կապված են եղել ամրոցի հետ։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Պառավի վանքի ամրոցն ունեցել է ջրամատակարարման համակարգ։ Նրա հարավարևելյան ուղղությամբ, 1,5 կմ հեռավորության վրա կա երկու ամբարտակ, ուր հավաքվել են հալված ձյան, ինչպես նաև անձրևային ու հեռավոր աղբյուրների ջրերը, ամրոցն ու շենը ջրով ապահովելու նպատակով։

Արտաքին՝ չորրորդ պարիսպը, որը շրջանցում է ամրոցը, ունի մուտք աջ ու ձախ կողմերում, միջանկյալ պարիսպների ու միջնաբերդի գլխավոր պարսպի վրա կան հզոր աշտարակների հետքեր։

Պառավի վանքի ամրոցից դեպի հարավ ու հարավ-արևելք կիկլոպյան տիպի բնակավայրեր կան, որոնք զբաղեցնում են շուրջ 70 հեկտար տարածություն։ Այդտեղ նկատելի են պարիսպների հետքեր, որոնք շրջապատում են կամ ամբողջ բնակատեղին կամ առանձին բնակարանների խմբեր տվյալ բնակավայրի կազմում։ Բնակատեղիներն իրենց շրջապատում ունեն դամբարանադաշտեր։

Օգտագործված գրականություն
Գ.Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան 1968թ