Քարե-դուռ կիկլոպյան ամրոց (կամ Տաշ-Կափու), Կարճաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի սարահարթում գտնվում են ավերված կիկլոպյան ամրոցի ավերակները։ Այդ շենը կոչվում է Քարե դուռ, որովհետև այդտեղ եղած քրիստոնեական երկու սրբավայրերի դռները շինված են հսկայական բազալտ քարից։ Ամրոցը գրավում է շուրջ հինգ հեկտար տարածություն, որից ավելի քան մեկ հեկտարը միջնաբերդին է բաժին ընկնում։ Ամրոցը և իր շրջակա շենը երեք կողմից շրջապատված են գահավեժ ցած իջնող, համարյա անմատչելի լանջերով, որոնց ներքևում, շրջանցելով սարահարթը, հոսում է գետակը դեպի Սևանա լիճը։
Քարե-դուռ ամրոցը, կառուցված լինելով Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային սարահարթ լանջերից մեկի վրա, իր դիրքով ու բարձրությամբ իշխում է շրջապատում ընկած հարթ տարածությունների վրա և այնտեղից դիտվում է Սևանի ողջ մակերեսը, այնպես, ինչպես Սևան քաղաքի մոտի Մեծեփ ամրոցից։ Բացի դրանից, ամրոցից դեպի արևելք շարունակվում են Վարդենիսի լեռնաշղփայի լանջերը. աստիճանաբար սկզբից՝ գնալով ներս՝ դեպի հարավ, հետո դուրս գալով հասնում մինչև Ծովակ գյուղի մոտի ամրոցը, որը Քարեդուռ ամրոցի գծից որպես հրվանդան դուրս է եկել դեպի լիճը՝ կազմելով մի աղեղնաձև լեռնաշար, իրեն մեջ առնելով մի հսկայական արգավանդ հարթավայր, որը դարեր շարունակ կերակրել է իր մշակողին։
Ամրոցի միջնաբերդը կառուցված է սարահարթի առավել բարձր տեղամասում և շրջապատված է մինչև այժմ պահպանված պարիսպներով։ Միջնաբերդն ունի կլոր ձև, հիշցնում է Հերի-դարի ամրոցը։ Միջնաբերդի պարիսպները շարված են անմշակ բազալտ քարերից, հարմարեցված միմյանց, հարթ կողերը՝ դեպի դուրս։ Պարսպի լայնությունը չորս մետր է։ Մուտքի բացվածքը դարձած է դեպի արևմուտք, նրա աջ ու ձախ կողմերում ետևում են երկու հզոր քարաբուրգերի հետքեր պարսպի արտաքին կողմից նշմարվում են որմնահերցերի հետքեր։ Բացի այդ, պարսպի հարավարևմտյան մասում, գլխավոր մուտքից 20 մետր հեռու, 30 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ երևում են հենապատի մնացորդներ։
Միջնաբերդն ունի նաև երկրորդ մուտք, որն իր կառուցմամբ նման չէ առաջինին։ Այս մուտքը դարձված է դեպի հարավ-արևելք։ Պարսպի մեջ չկա պարզորոշ մուտքի բացվածքը, այլ հակընդդեմ պարիսպների վերջավորությունները գալիս ու միմյանց կողքով անցնում են 8-10 մետր, որոնց մեջ գոյանում է երկու մետր լայնք ունեցող ճանապարհ դեպի միջնաբերդը, այնպես, որ պարիսպների կանգուն ժամանակ մի քանի մետր հեռավորությունից նույնիսկ չէր կարելի մուտքի տեղը որոշել, որը կարծես գաղտնուղու դեր է կատարել։ Միջնաբերդի ներսում նկատելի են բնակարանների ու կացարանների խառնիխուռն թափված պատերի ավերակներ, որոնք իրենց կառուցման տեխնիկայով չեն տարբերվում պարսպի կառուցումից, բացի այն, որ այստեղ պատերն ավելի բարակ են, իսկ քարերը՝ մանր։ Այստեղ երևում են նաև միջնադարյան խաչքարեր։

Միջնաբերդը, ինչպես վերը ասվեց, գրավում է ամրոցի առավել բարձր մասը և շրջապատված է բազմաթիվ կացարաններով։ Բնակավայրում, որը այժմ վերածված է վարելահողի, այնուամենայնիվ, պարզորոշ երևում են տների ավերակները՝ տարածված միջնաբերդի հարավային և արևելյան կողմերում։ Բնակավայրում գոյություն ունի նաև առանձին խումբ կացարանների ընդհանուր պարսպապատում, որը համեմատած միջնաբերդի պարիսպների հետ, ավելի նեղ է ու քարերն էլ՝ փոքր։ Բնակավայրի հարավային մասում են գտնվում քարե դուռ-մատուռները, որոնք միգուցե նախաքրիստոնեական մի սրբավայր են եղել։ Գլխավոր ճանապարհը դեպի ամրոց սկսվում է բարձունքի արևելյան ստորոտից և հյուսիսային կողմով ոլորապտույտ բարձրանալով գնում դեպի արևմուտք, աստիճանաբար դառնալով հարավ-արևելք, գլխավոր մուտքից մտնում միջնաբերդը, իսկ շարունակությունը՝ դեպի բնակավայրը։ Այս ճանապարհը օգտագործվում է նաև այժմ։ Մի այլ ճանապարհ, որի մի մասը երևում է բնակավայրի հարավարևելյան ծայրամասում, տանում է ուղիղ միջնաբերդ։ Երկու ճանապարհներն էլ պատնեշված են եղել առավելապես արտաքին կողմերից, և այդ ճանապարհով ազատ կարող էր շարժվել ժամանակի ամեն տեսակի անիվավոր գումակ։
Ինչպես բնակավայրում, նույնպես և միջնաբերդում կան խեցեղենի բազմաթիվ մանր բեկորներ, օբսիդիանի փշրանքներ, կենդանիների ոսկորներ, մակույկափ և աղորիքի կտորներ և այլն։ Ամրոցից դեպի հարավ և հարավ-արևելք հայտնաբերվեցին երկու դոլմեններ, որոնցից մեկը վերածվեկ է քրիստոնեական պաշտամունքի վայրի, որը վերին սալաքարի վրա դրվել է խաչքար։ Ամրոցն ու միջնաբերդը ջրով կարող էին ապահովված լինել։

Միքայելյան Գ.Հ., Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ, Երևան 1968 թ