ՍևԱՆԱՎԱՆՔԸ Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից հյուսիս-արևելք, լճի արևմտյան ափին` Սևանա կղզու (այժմ վերածված թերակղզու) բարձունքին: Մատչելի է Սևան-Դիլիջան մայրուղուց դեպի աջ թեքվող բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհով, որը տանում է դեպի Սևանի թերակղզի (Սևան-Գավառ ավտոճանապարհային խաչմերուկից մինչև կղզի տանող ճանապարհի շրջադարձը 7 կմ է, կղզու խաչմերուկից մինչև վանական համալիր` 1,3 կմ): Սևանա կղզին իր անառիկության ու գեղեցկության շնորհիվ պաշտամունքի վայր է հանդիսացել անհիշելի ժամանակներց: Հայկական մատենագրության մեջ այն հիշատակվում է դեռևս հնագույն աղբյուրներում: Համաձայն ավանդության, այստեղ եղել է հեթանոսական մեհյան, որը 305 թ. կործանվել է Գրիգոր Լուսավորիչի կողմից, և որը մեհյանի տեղում կանգնեցնել է տվել նոր հավատքը խորհրդանշող փայտակերտ մի խաչ: Սևանա կղզին հայտնի էր նաև որպես միջնադարյան Հայաստանի առավել նշանավոր ամրոցներից մեկը, որտեղ 921 թ. տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Բագրատունու կամ Երկաթի (914-921 թթ.) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը: Այսօր էլ կղզու վրա` դեպի արևմուտք մտնող հրվանդանի կողմից նկատելի են ամրոցի պատերի մնացորդներ, որոնք պաշտպանել են կղզին նրա առավել դյուրամատչելի հատվածում, հավանաբար, սկսած դեռևս Ք.ա. II-I հազարամյակներից: Կղզու ռազմական մեծ նշանակությունը ցայտուն կերպով դրսևորվեց հատկապես արաբների դեմ մղված ազատագրական մարտերի ժամանակ: Այսպես, 10-րդ դ. պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, հիշատակելով արաբական զորավար Մրվանի ասպատակությունները, գրում է. «նրանից հետո Հայոց իշխանությանը տիրում է Սմբատ Բագրատունին` Սմբատի որդին: Այդ ժամանակ իսմայելյան տոհմից Մրվան անունով մի ոստիկան գալով Հայաստան` կռիվ է սկսում Հայոց բոլոր ամրոցների դեմ: Եվ նա ինչ որ գրավում էր, ամբողջովին քանդում, ավերում ու կործանում էր: Իսկ Սևան կղզին, որը գտնվում է Գեղամա ծովակում, թեպետև առաջին անգամ չընկավ նրա ձեռքը, սակայն մի երկու տարի անց մատնվեց նրա ձեռքը: Եվ ովքեր բնակվել էին այդ ամրոցում, նրանց գերի է տանում ու կողոպտելով ու թալանելով իսպառ քանդում ու ավերում է ամրոցը»: Այն հանգամանքը, որ արաբական արագաշարժ և ուժեղ զորաբանակը շուրջ երկու տարի չի կարողացել գրավել կղզին, խոսում է Սևանի այս ամրոցի հզորության մասին, որի պաշտպաններին արաբները ստիպեցին զենքը վայր դնել միայն երկարատև պաշարման արդյոք և պատահական չէ, որ 10-րդ դ. այստեղ է ամրանում Աշոտ Երկաթը և այստեղից սկսում իր հաղթական երթը` Հայաստանը արաբներից վերջնականապես ազատագրելու համար: Ռազմական տեսակետից Սևանն ուներ անշուշտ մի շարք առավելություններ: Ամենից առաջ պետք է նշել, որ առափնյա գյուղերի ձկնորսական և փոխադրական նավակների կենտրոնացումը կղզում կաշկանդելու էր թշնամու հարձակողական հնարավորությունը, մանավանդ որ անտառազուրկ այս լեռնոտ շրջանում հնարավոր չէր համապատասխան փայտանյութ գտնել նույնիսկ լաստեր կառուցելու համար: Մյուս կողմից, ոչ պակաս նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ կղզու հանդիպակաց ափից դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք ընկած լեռնաշղթաներիի մյուս կողմում փռված էին հայոց Արցախ և Գարդման նահանգները: Եվ մեկ անգամ չէ, որ այս ճանապարհով են փախել կղզում պաշարվածները, ինչպես դա արեց Սևանի եկեղեցիների կտիտոր Մարիամ իշխանուհին իր որդիների հետ` երբ նրանց հետապնդում էին Յուսուֆի հրոսակները: 9-րդ դ. երկրորդ կեսին (860 թ.) Մաքենյաց վանքից այստեղ է առանձնանում նշանավոր աստվածաբան Մաշտոցը, որը հետագայում մեծ համբավ ձեռք բերելով` դառնում է Հայոց կաթողիկոս (Մաշտոց Եղվարդեցի կամ Սևանցի, որը գրել է պատմական մի երկ, թղթեր, որոնցից մեկն էլ Գևորգ Գառնեցի կաթողիկոսի պահանջով և նրան էլ հաջորդեց որպես կաթողիկոս 897 թ.: Թաղված է Գառնիում): Սևանավանքի եկեղեցիները կառուցվել են 874 թ.` Մաշտոցի առաջնորդության օրոք` հայոց Աշոտ Ա Բագրատունի թագավորի դուստր, Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Շապուհ Բագրատունի սպարապետի քույր, ինչպես նաև Սյունյաց Վասակ իշխանի կին` Մարիամ իշխանուհու կողմից (մայրն է Գրիգոր Սուփան Բ, Վասակ և Սահակ սյունյաց իշխանների), որի անվան հետ է կապված նաև շինարարական աշխատանքները Շողագավանքում և Վանեվանքում: Ստեփանոս Օրբելյանն այս մասին գրում է հետևյալը. «Այս ժամանակ Սևանա կղզում հռչակված առաքինությամբ փայլում էր երանելի Մաշտոցը, որը Գրիգոր անունով եղիվարդեցի մի քահանայի որդին էր: Դեռ աշհարհիկ լինելով կանգնեցնում են աստծու տունը և աստվածակիր մարդկանց բնակարանը հայոց երեք հարյուր քսաներեք թվականին: Մաշտոցը վանքի գործունեության սահմանները դրեց ու այն պայծառացրեց երկնանման կարգ ու կանոնով: Դրա համբավից իշխանաց իշխան Աշոտը, միաբանվելով սուրբ ուխտին, գալիս է սուրբ վանահորը տեսության և ընծայում է աստվածընկալ խաչի փրկական նշանը. սուրբ եկեղեցուն ժառանգություն է տալիս գյուղեր` Վարսերը, Ցամաքաբերդը, Գոմաձորը, Բերդքը, Ուռյաց տափը և այգիներ Գառնիում, Երևանում և այլ տեղերում, բազում նզովքներով հաստատում»: Շուտով Սևանի վանքը դառնում է երկրի նշանավոր պաշտամունքի կենտրոններից մեկը և զգալիորեն ուժեղանում տնտեսապես: Նրա իրավասության տակ էր դրված, փաստորեն, առափնյա գյուղերի մեծ մասը, նրան էր պատկանում լճում ձուկ որսալու իրավունքը, ինչպես և բազմաթիվ այգիներ ու կալվածքներ հեռավոր վայրերում: Այստեղ կառուցված երեք եկեղեցիներից փոքրը կոչվել է Առաքելոց (հետագայում նաև ս. Կարապետ), մեծը` ս. Աստվածածին, իսկ երրորդը (այժմ կիսավեր)` ս. Հարություն, որոնք միաբանությանը պատկանող բնակելի ու կոմունալ շենքերի հետ միասին տեղադրված են կղզու հարավ- արևմտյան լանջին: Նշված եկեղեցիներից առաջին երկուսը մեզ են հասել համեմատաբար լավ վիճակում: Դրանք իրենց հատակագծային ձևերով ու ծավալատարածական հորինվածքով վերարտադրում են վաղ միջնադարում մշակված եռաբսիդ կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպը: Երկու եկեղեցիներն էլ դրսից ու ներսից խաչաձև տեսք ունեն: Երկուսն էլ կառուցված են գլխավորապես կիսամշակ քարերով, իսկ սրբատաշ քարերը օգտագործված են միայն առավել կարևոր կոնստրուկտիվ մասերում (կամարներ, գմբեթ, թմբուկ, բացվածքների անկյուններ և այլն): Առաքելոց եկեղեցին Սևանավանքի ճարտարապետական համալիրի փոքր եկեղեցին է: Շինարարական արձանագրությունը փորագրված է եկեղեցու թմբուկի արևելյան նիստին, որի բովանդակությունը համարյա թե կրկնում է Ստեփանոս Օրբելյանի նկարագրությունը: Բացի այս արձանագրությունից, եկեղեցու թմբուկի հարավային և հարավ-արևելյան նիստերի վրա պահպանվել է սպիտակ ներկով գրված մի արձանագրություն ևս. «Թվին ՌՃ (1651 թ.) նորոգվեց ս. Կարապետը»: Եկեղեցու անունների տարբերությունը երկու արձանագրություններում կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այն` 1651 թ. նորոգվելուց հետո, նվիրվել է մեկ այլ սրբի` ս. Կարապետին: Ըստ իր հատակագծային կոմպոզիցիայի այն եռաբսիդ մի կառուցվածք է, մեկ` հարավ-արևելյան ավանդատնով: Ամբողջ կառուցվածքը դրված է երկաստիճան որմնախարիսխի վրա, որը լավ երևում է հուշարձանի հարավային կողմում: Հուշարձանի պատերը, ընդհուպ մինչև գմբեթարդներն անջատող գոտին, շարված են կոպիտ տաշված բազալտից, ընդ որում` շարքի թե հորիզոնական և թե ուղղաձիգ կարանները քսահարթված են կրաշաղախով: Մյուս կողմից` գմբեթակիր կամարները, գմբեթարդները, թմբուկը և գմբեթը շարված են գորշագույն տուֆի համեմատաբար լավ մշակված քարերից: Ինչպես Հայրավանքում, այնպես էլ այստեղ, գմբեթակիր կամարները ոչ թե երկշերտ են, այլ միաշերտ: Նույնը կարելի է ասել նաև տրոմպների մասին, որոնք արված են Հայրավանքի տրոմպների նման յոթ սեպաձև քարերից: Սակայն, այստեղ առավել հետաքրքիրը տրոմպների երկրորդ շարքի բացակայությունն է և մեծ տրոմպների միջոցով ստացվող ութանկյան ուղղակի փոխանցումը գմբեթի շրջանաձև հիմքին: Եկեղեցու հատակն արված է 6-8 սմ հաստությամբ կրաշաղախի շերտից, որը լցված է նախօրոք հարթեցված և տոփանված հողե հիմնատակի վրա: Եկեղեցու կառուցվածքի արտաքին-ծավալային մշակումը հիմնականում համապատասխանում է նրա ներքին կոմպոզիցիային: Այստեղ ևս տեսնում ենք տարբեր շինանյութերի օգտագործման հետևանքով հուշարձանի պատերի և նրա վերին մասերի` հատկապես թմբուկի և գմբեթի միջև եղած որոշակի կոնտրաստը: Այստեղ ևս պատերն ամբողջապես շարված են կոպիտ մշակված բազալտից, իսկ ամբողջ թմբուկը և քիվերը` համեմատաբար լավ տաշված տուֆե սալերից: Հուշարձանի հարավային ճակատում ուշագրավ է մուտքը շրջանցող կամարածածկ շարվածքը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն արված է հետագայում` արևմտյան խաչաթևի կոնստրուկտիվ ամրությունն ավելացնելու նպատակով: Ինչ վերաբերվում է ավանդատանը` ապա, այն հետագայի ավելացում չէ և առկա էր տաճարի սկզբնական կոմպոզիցիայում: Արտաքին հարդարանքից, որն այնքան համեստ տեղ է գրավում այստեղ, ուշագրավ են ճակտոնապատերի և հատկապես թմբուկի լուսամուտների երեսակալները: Արևելյան աբսիդի բարավորը իրենից ներկայացնում է մի ամբողջական քար` ներքևի մասի կիսաշրջանաձև հանվածքով, որի լայնությունը ճշտորեն համապատասխանում է լուսամուտի լայնությանը: Այս հանվածքի եզրերից որոշ հեռավորության վրա էլ արված են երեք` ընդամենը կես սանտիմետր լայնություն և խորություն ունեցող փորվածքներ, որոնք շրջանցում են լուսամուտի վերին կիսաշրջանաձև վերջավորությունը և, ըստ էության, կազմում նրա երեսակալը: Սրանցից քիչ վեր տեղավորված է ութակող վարդյակը, նրա կենտրոնում արված հավասարաթև խաչով: Վարդյակի ներսում պահպանվել են սպիտակ ներկի հետքեր: Համարյա թե նույնանման են մշակված նաև թմբուկի լուսամուտների երեսակալները, միայն այստեղ վարդյակներ չկան, իսկ կիսաշրջանաձև փորվածքներն ավելի լայն են և ավելի խորը: Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Առաքելոց եկեղեցուց դեպի հյուսիս-արևելք, նրանից ընդամենը 10 մ հեռավորության վրա: Ըստ իր հատակագծային հորինվածքի այն համարյա թե կրկնում է Առաքելոց եկեղեցին: Այստեղ ևս առկա է հարավ-արևելյան անկյունում կառուցված ավանդատունը: Հուշարձանն իր բացարձակ չափերով զգալիորեն գերազանցում է Առաքելոց եկեղեցուն, և հենց այս հանգամանքն էլ ստիպել է գմբեթակիր կամարներն անել ավելի ուժեղ, երկշերտ, ճիշտ այնպես, ինչպես այդ տեսնում ենք հայկական ճարտարապետության քիչ թե շատ նշանակալից չափեր ունեցող բոլոր կառույցներում: Հետաքրքրական է նաև այստեղ առագաստային փոխանցման առկայության փաստը, քանի որ Սյունիքի ճարտարապետական դպրոցի 36 վարպետներն ավելի հաճախ են օգտագործել տրոմպները` քան առագաստները: Դա կապված է եղել շինարարական տեխնիկայի հետ: Բանն այն է, որ առագաստների շարվածքը պահանջում է տաշվածքի առավել մեծ ճշտություն և հատկապես լավորակ քարի առկայություն` ինչի պակասը զգալի էր Սյունիքում: Մինչդեռ տրոմպային փոխանցումները թույլ էին տալիս նույնիսկ այնտեղ եղած քարով ստանալ միանգամայն հուսալի և հաստատուն անկյունային փոխանցումներ: Եկեղեցին ներսից ամբողջովին սվաղված է, որի պատճառով նրա ներքին դեկորատիվ էլեմենտները լրիվ ծածկված են, որոնք գուցե առկա են այստեղ: Եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյանը հպված սենյակը, ակնհայտորեն, ավելի ուշ է կառուցվել: Ընդ որում` վեջինս եկեղեցու ինտերյերի հետ կապվում է մի ոչ մեծ` եկեղեցու հատակից զգալի բարձրության վրա գտնվող բացվածքի միջոցով: Ըստ ավանդության, հենց այստեղից էր լսում ժամերգությունը եկեղեցու կտիտորը` իշխանուհի Մարիամը: Ինչպես Առաքելոց եկեղեցում` այնպես էլ այստեղ ամբողջապես վերափոխված է բեմի առաջնային պատը, իսկ եկեղեցու հատակը ավելի ուշ շրջանում նորից սալահատակված` այս անգամ արդեն բազալտի կանոնավոր տաշված սալերով: Աստվածածին եկեղեցու արտաքին ծավալային մշակումը աչքի է ընկնում իր պարզ ու հստակ ձևերով: Հուշարձանի արտաքին ճակատները համարյա թե զուրկ են դեկորատիվ հարդարանքից: Կարելի է նշել միայն թմբուկի հյուսիսային նիստի վրա փորագրված խաչը, որի խաչաթևերից ելնում են եղջյուրանման հավելվածքներ: Ս. Հարություն եկեղեցին տեղադրված է նախորդից արևելք, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Այստեղ նշմարվում են կանոնավոր մշակված բազալտե քարերից կառուցված եկեղեցու մնացորդները, որից` դժբախտաբար շատ քիչ բան է պահպանվել: Այս կառույցից, որն իր բացարձակ չափերով զգալիորեն գերազանցում է ս. Աստվածածին եկեղեցուն, առավել լավ պահպանվել է արևելյան մասը, և այժմ էլ նշմարվում են աբսիդի ու նրա երկու կողմերում տեղադրված ավանդատների պատերի առաջին շարքերը: Նկատելի են նաև հյուսիսային և արևմտյան պատերի հետքերը: Ենթադրվում է, որ ժամանակագրական տեսանկյունից այս հուշարձանը պետք է որ ավելի ուշ շրջանի կառույց հանդիսանա, քան նախորդ երկու եկեղեցիները: Բացառված չէ, որ այն կառուցված լինի կամ Ստեփանոս Սևանցի (969-972 թթ.) կամ Սարգիս Սևանցի (992-1019 թթ.) կաթողիկոսների օրոք: Ավելի հավանական է հուշարձանի կառուցումը վերագրել Սարգիս Սևանցի կաթողիկոսին, որը, ինչպես հայտնի է մատենագրական տվյալներից, առանձնակի հոգատարություն էր ցուցադրում սյունյաց եպիսկոպոսության նկատմամբ, և ծերության հասակին հրաժարվելով պաշտոնից, քաշվել է իր հայրենի Սևանա կղզին: Ըստ իր հատակագծային հորինվածքի, եկեղեցին ներկայացնում է գմբեթավոր սրահների փոքր-ինչ ձևափոխված տարբերակը: Տաճարն ունեցել է միայն մեկ զույգ որմնամույթ, իսկ մյուս որմնամույթերի դերը կատարել են աբսիդի համապատասխան անկյունները: Սակայն այս դեպքում, դատելով հուշարձանի համեմատաբար ձգված համաչափություններից, նրա արևմտյան մասը կունենար առնվազն մոտ 6-7 մ երկարություն, մի բան` որը խիստ անսովոր է այս տիպի կառույցների համար: Բացառված չէ, որ այստեղ եղել են երկրորդ զույգ մույթերը` և գմբեթը դրված է եղել այդ չորս որմնամույթերի վրա: Գավիթ — Մարիամ իշխանուհու կառուցած երկու եկեղեցիներից արևմուտք այսօր կարելի է նշմարել զանազան շենքերի մնացորդներ, որոնց մեծ մասը կառուցված է շատ ավելի ուշ ժամանակներում: Դրանց շարքում պետք է նշել մինչև 20-րդ դ. 30-ական թվականները դեռևս կանգուն գավիթը` կառուցված ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում: Այն հայտնի է շնորհիվ իր փայտյա սյուների երկու հոյակապ խոյակների, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում (պահվում են Հայաստանի պատմության թանգարանում): Այս խոյակների թե իրա-չափային առանձնահատկությունը և թե բաձրարվեստ փորագրությունները որոշակի հիմքեր են տալիս պնդելու, որ դրանք այստեղ են բերված մի ինչ որ այլ, ամենայն հավանականությամբ արդեն այդ ժամանկ լիովին կործանված պալատական շենքից: Դրանք կոստրուկտիվ տեսանկյունից մշակված են Դվինի և Արուճի պալատների խոյակների նմանությամբ: Ուշագրավ է, որ հայկական ժողովրդական ճարտարապետության մեջ մինչև օրս էլ կարելի է տեսնել խոյակներ, որոնք իրենց ընդհանուր կոմպոզիցիայով մոտենում են Սևանի խոյակներին: Երկու խոյակներն էլ ունեն համանման կոմպոզիցիոն լուծում. կենտրոնում դասավորված ծառի երկու կողմերում պատկերված են արմավենու ճյուղեր, որոնցից աջ և ձախ` մեկական` զգալի չափեր ունեցող թռչուններ (աղավնիներ): Սրանցից ներքև մի դեպքում պատկերված են հավասարաթև խաչեր, մյուս դեպքում` վեցանկյուն աստղեր: Դրանք թեև ըստ իրենց կոմպոզիցիոն առանձնահատկությունների առընչվում են հնագույն շրջանի հուշարձանների հետ, սակայն պետք է թվագրվեն 9-10-րդ դդ: Սևանում միայն խոյակներով չի սահմանափակվում փայտի փորագրության արվեստը: Հայտնի են վանական նույն համալիրին պատկանող փայտե միափեղկ, հիանալի պատկերաքանդակներով ծածկված դռները, որոնք թեև պատկանում են ավելի ուշ ժամանակաշրջանների (12 և 15-րդ դարեր), սակայն չի կարելի տարակուսել, որ կիրառական արվեստի այս ուշագրավ նմուշները անմիջականորեն իրենց վրա են կրում այս տարածքում ձևավորված փայտամշակման արվեստի ավանդույթները: Ս. Աստվածածին եկեղեցու ներսում, նրա հյուսիսային պատին է հենված Տրդատ կազմողի նշանավոր խաչքարը, որի նախնական տեղադրության մասին տեղեկություններ չկան: Հավանաբար այն կերտվել է հենց կղզում և այս շնորհալի վարպետից պահպանված միակ աշխատանքն է: Սրանկյուն խորանի մեջ քանդակված է խաչելության տեսարանը, Հիսուսը մորուքով և բեղերով, թևերի տակ երկու դիմողներ, զույգ ձեռքերը վերև բարձրացրած: Սրանց տակ, շրջանակով բաժանված` դրախտի տեսարանն է, որտեղ անտերև թփից կախված են խաղողի ողկույզներ, ապա Հիսուսը` խաչը ձախ ձեռքին, իսկ աջով բարձրացնում է Ադամին և Եվային, որոնցից յուրաքանչյուրին մոտեցած են մեկական գալարված վիշապներ: 38 Խաչքարի ճակատին ավետարանիչներն են իրենց կենդանակերպերով, շրջանակները լայն են ու բաժանված քառակուսիների: Հյուսիսային շրջանակի վերին քառակուսու մեջ արդարադատության նժարն է, որի մի թաթը խիստ ցածր է հակված` միջին ունենալով անասնամարմին սատանային: Երկրորդ քառակուսու մեջ երեք մորուքավոր գլխաբաց և մերկ մարդիկ են: Մնացած երեք քառակուսիները ուղղակի զարդարված են: Հարավային շրջանակի վերին քառակուսու մեջ Աստվածածինն է` բարուրած Հիսուսը գրկին: Երկրորդ քառակուսու մեջ պատկերված են երկու այծեր, մարդակերպ նստած, առջևի ոտքերը ծալած դեպի ցած և դունչ-դնչի տված: Երրորդ քառակուսու մեջ երեք թագազարդ և երկար ու ծալքավոր շորերով մարդիկ, հավանաբար կանայք: Մնացած երկու քառակուսիները նույնպես զարդեր են: Խաչքարի լայն քիվը մեջտեղից գծված է և երկու տողով արձանագրված. «Սուրբ խաչ բարեխոս Հրեբեկայի: Հիշեցեք Քրիստոսին: Թվ. :ՌՃԲ: (1653 թ.): Տրտատ Կազմող»: Արձանագրության տառերը անարվեստ են, իսկ մնացած պատկերաքանդակներն ու զարդերը նուրբ և լավ կատարված: Այս հուշարձանը իր բազմազան բովանդակությամբ և նուրբ արվեստով, հայկական խաչքարային արվեստի մի եզակի օրինակ է: Եզրափակելով Սևանավանքի հուշարձանների համառոտ ակնարկը, չի կարելի չխոսել նաև բուն հուշարձանների տեղաբաշխման օրինաչափությունների մասին: Փաստորեն, երկու եկեղեցիների տեսքն էլ պարզ է ու անպաճույճ, առանց քանդակների և այլ հարդարանքի: Չնայած դրան, կղզում կանգնեցված եկեղեցիները ներգործում են իրենց ծավալային ձևերով, որոնք պարզորոշ գծագրվում են կապույտ երկնքի ու լճի զմրուխտ ֆոնի վրա: Բանն այն է, որ հուշարձանները կղզու այդքան թեքադիր լանջի վրա են տեղադրված ոչ թե պատահականորեն, այլ համապատասխան նրանց ծավալների, ընդ որում` այդ նույն սկզբունքին է ենթարկված եղել նաև երրորդ` իր բացարձակ չափերով ավելի նշանակալից հուշարձանի տեղաբաշխումը: Վերջինս տեղավորված լինելով ավելի բարձր կետում, ունենալով ավելի նշանակալից չափեր, կարծես թե ավարտում է անսամբլը: Մյուս կողմից` ճարտարապետական համալիրը հաշվարկված է դիտելու ինչպես գլխավոր արևմտյան ուղղությունից, այնպես էլ հարավից և հարավ-արևմուտքից, ընդ որում` երկու դեպքում էլ երրորդ հուշարձանի տեղն ընտրված է այնպես, որ յուրաքանչյուր դեպքում այդ կառուցվածքն էր, որ հանդես էր գալիս ճարտարապետական համալիրի դոմինանտի դերում: Այսպես, արևմուտքից նայելիս, երկու համեմատաբար ցածրադիր հուշարձանների միջև վեր է խոյանում երրորդ` գլխավոր կառուցվածքը: Արմատապես փոխվում է պատկերը, երբ համալիրը դիտվում է հարավից, այս դեպքում այն տպավորությունն է ստեղծվում, որ եկեղեցիները շարված են մի գծի վրա և դասավորված են ըստ իրենց բացարձակ չափերի աճի: Եկեղեցիների տեղադրությունը, նրանց բացարձակ չափերի տարբերությունը, գիտակցորեն հետապնդել է մի հիմնական նպատակ` հասնել ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնակության, նրանց փոխադարձ սերտ կապին:Գեղատեսիլության սկզբունքը Սևանավանքի ճարտարապետական համակառույցում իսկապես իր փայլուն կիրառությունն է գտել: