Ձկնկուլներ (լատ.՝ Phalacrocoracidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլներ: Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլլի լճի չորացումից հետո անհետացել են։ Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։

Մեծ ձկնկուլ

 
Մեծ ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Հաճախ, թևերը տարածած, նստում է քարերին, ծառերին՝ թաց փետուրները չորացնելու համար։

Տարածվածություն
1985-1995 թվականներին ՀՀ տարածքի 22 կետից յուրաքանչյուրում չուի ընթացքում գրանցվել են մինչև 980, բնադրման շրջանում՝ 1-10 թափառող անհատներ։ Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում։ Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ։ Մինչև 1950-ական թվականները ոչնչացվել է որպես ձկնային տնտեսության վնասատու։ Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում՝ չուի ժամանակ և ամռանը։ Ձմռանը, ոչ ամեն տարի՝ Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում։

Բնադրում
Բույնը գաղութային է՝ եղեգնուտում։ Դնում է 66 մմ տրամագծով, բաց կանաչ երկնագույն 3-4 ձու։ Բնադրում են գաղութներով, այլ ջրաճահճային թռչունների հետ։ Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում։ Բազմանում են հունիս-հուլիսին։ Թխսումը՝ 28-30 օր։ Զագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո։ Չուի շրջանում կարելի է հանդիպել 5-30 առանձնյակներից խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճում՝ առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում՝ 20-40 առանձնյակներից։ 1930-ական թթ. Գիլլի լճում հաճախ կազմակերպված մեծ ձկնկուլի ձվերի ու ձագերի ոչնչացման միջոցառումների և հետագայում լճի չորացման հետևանքով բնադրագաղութներն իսպառ վերացել են։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Փոքր ձկնկուլ

Փոքր ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax pygmeus), ձկնկուլների ընտանիքի թռչուն։ Տարածված է Ալժիրում, Բալկանյան թերակղզում, Հունգարիայում, Սև և Կասպից ծովերում, Սիրդարիայում, Փոքր Ասիայում և Իրաքում։ Քաշը կազմում է 600-1000 գրամ։ Հայաստանի Հանրապետությունում համարվում է որպես ձմեռող տեսակ (նախկինում՝ բնակվող, չվող)։ Թվաքանակը փոքր է։ Մինչ Սևանա լճի մակարդակի նվազելը նրանք բնադրվում էին Գիլլիի եղեգնուտներում, մեծ ձկնկուլների հետ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 5–6 երկնագույն ձվեր։ Սնվում է մանր ձկներով։ Միսը որպես սնունդ պիտանի չէ։

Գրանցված է կարմիր գրքում։