Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասում։ Գլուխը և վիզը սև են՝ ոսկեգույն, կարմիր զարդափետուրներով։ Սնվում են ջրային միջատներով, ձկներով։

Մեծ սուզակ

Մեծ սուզակ (լատ.՝ Podiceps cristatus), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծական լճակներում։
Մարմնի երկարությունը՝ 46-51 սմ է, թևերի բացվածքը՝ 85-80 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,5 կգ՚։ Վիզը երկար է, բարակ։ Բնադրման շրջանում փուփուլը սև է, վզի զարդափետուրները՝ սև ու շիկակարմիր-դարչնագույն։ Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի բաց գույնի է, մեջքը՝ մոխրագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ։ Կտուցը երկար է, վարդագույն։ Հաճախ, հատկապես ձմռանը, հանդիպում է թաքստոցից և ջրափերից հեռու։ Անթերի լողորդ է. կեր հայթայթելու համար կամ վտանգի պահին կարող է սուզվել ջրի ամենախորը շերտերը։ Թռիչքի է դիմում ծուլորեն. թևերի թափահարման օգնությամբ վազքով բավական տարածություն է անցնում ջրի մակերեսով, ապա օդ բարձրանում։
Բնադրազույգեր է կազմում մարտի 1-ին կեսից մայիսի սկիզբը։ Բույնը լողացող հարթակ է՝ ճահճաբույսերից։ Բնադրում է եղեգնուտում։ Բներում առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին կեսից մայիսի վերջ։ Դնում է 56 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 1-7 ձու։ Թխսակալում է 25- 27 օր։ Բնից հեռանալիս ձվերը քողարկում է՝ ծածկելով եղեգի կտորներով։ Ձվերի կորստի դեպքում թխսման բնազդով բույն է բերում ձվերի չափի և գույնի առարկաներ ու թխսակալում որոշ ժամանակ։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հունիսին։ Մայր թռչունը ձագերին տեղափոխում է մեջքին՝ փետուրների մեջ առած, և անկորուստ կարող է սուզվել ջրի խորքերը։ Ձագերը թռիչքի պատրաստ են կյանքի 50-56-րդ օրը։ Սնվում է մանր ձկներով, ջրային անողնաշարավորներով, բույսերով։

Փոքր սուզակ

Փոքր սուզակ (լատ.՝ Podiceps ruficollis, Tachybaptus ruficollis), ջրային թռչուն։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Մալայան և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում։
Ընդհանուր փետրավորումը գորշասևագույն է, այտերը և պարանոցի առջևի մասը ժանգաշիկավուն է, ձմռանը մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ ստորին մասը սպիտակ։ Գլխի վրայի փետուրները բացակայում են։ Քաշը ՝ 110-250 գրամ է։ Հանդիպում է բոլոր ջրամբարներում, մասնավորապես եղեգնապատ հատվածներում։ Բույնը ամրացված է ջրի հատակից դուրս ցցված բույսերի ցողուններին։ Ձվադրում է ապրիլին, դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Սովորաբար զգույշ թռչուն է, խուսափում է ցերեկային ժամերին ջրի ազատ մակերես դուրս գալուց, եթե հանկարծակի չնչին վտանգ է լինում թռչունն անմիջապես սուզվում է ջրի խոր շերտերը։ Ունի ուժգին ձայն միաժամանակ շատ գեղեցիկ և հաճելի երանգով։ Կերը հայթայթում է ջրի մակերեսից կամ ջրի խորը շերտերից։ Սնվում է հիմնականում միջատներով, թրթուրներով և մանր ձկներով։
Թռչնի այս տեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։