Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց

Կառուցված է մի ժայռոտ բլրի վրա, որը հյուսիսից նայում է Սևանա լճին, տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք, Արծվանիստ գյուղի արևելյան մատույցներում: Առավել մատչելի է Ծովինար գյուղի միջով դեպի Արծվանիստ տանող հին ճանապարհով: Ամրոցի բլրի հարավ-արևմտյան մասում, Ծովինար-Արծվանիստ ճանապարհից անմիջապես ձախ՝ քարաժայռի ճակատին գտնվում է Վանի թագավորության տիրակալ Ռուսա I-ի (Ք.ա. 735-713 թթ.) արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ Ռուսա I-ը նվաճել է այստեղ գոյություն ունեցած ամրոցը, նույն տեղում վերակառուցել է այն և անվանել Թեյշեբաինի ամրոց: Ինչևիցե, տեղում հստակորեն կարելի է նկատել, որ այստեղի ամրաշինական համակարգը կազմող որոշ էլեմենտներ (աշտարակներ, պարսպապատեր, պատեր) վերակառուցված են, կամ էլ հավելված են չթրծված աղյուսով շարված կոնստրուկցիաներով: Ամրոցի և հատկապես միջնաբերդի գլխավոր պարիսպները և քարաբուրգերը նույնպես վերակառուցված են, նրանց արտաքին երեսները շարված են տաշված և ողորկ կողմերը դեպի դուրս ուղղված քարերով: Թեյշեբաինին, 24 գործնականում, Սևանի ավազանում Վանի թագավորության շրջանին պատկանող ամրոցներից այսօր ամենալավ պահպանվածն է, որը հանդիսացել է լճի հարավային ափի ամենահուսալի ուրարտական հենակետը, ինչպես Ուելիքուխի երկրի «Խալդի քաղաքը» կամ Գավառի Բերդի գլուխ ամրոցը Գավառագետի ավազանի համար:

Շորժա քարացած ալիք

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից հյուսիս-արևելք՝ համարյա նրա վերջավորության մոտ, Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ: Ձևավորվել է ջրային էրոզիայի արդյունքում՝ հանդիսանալով գործնականում Սևանա լճի ափամերձ մասը մինչև լճի մակարդակի իջեցումը:

Նորատուսի գերեզմանատուն

Ջիլի քարայր-կացարանների համալիր

Ջիլ գյուղից 1,5 կմ հարավ- արևմուտք, Ծովագյուղ-Ջիլ ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ գտնվում են Ջիլի կրաքարային ծագում ունեցող քարանձավները: Անձավները մատչելի են միայն ավտոճանապարհից ոտքով բարձունք հաղթահարելով և երկաթգիծը անցնելու և հատելու դեպքում: Ջիլի անձավներն արհեստական հատած քարայրներ են՝ փորված կրաքարի զանգվածի մեջ, որոնք հավանաբար կառուցվել են միջնադարում սեջուկների և մոնղոլների տիրապետության ժամանակահատվածում: Ջիլի քարանձավներից չափերով ամենամեծը համալիրի ձախ մասում տեղադրված քարայրն է: Այդ համալիրը ծառայել է որպես թաքստոց կամ քոչվոր հրոսակներից պատսպարվելու վայր: Պարզվում է, որ երբ Սեվանա լճի (Դարյա Շիրին լիճ ) ջրերի մակարդակը բարձր է եղել ամենամեծ անձավի համալիրը տեսանելի և մատչելի է եղել միայն արևելքից՝ Սևանի լեռնաշղթայի կողմից:

API key not valid. Please pass a valid API key.

Ծակքարի բնական կամուրջ

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հարավ-արևմտյան մասում և տեղադրված է Բախտակ գետակի ավազանում: Մատչելի է գյուղամիջյան կենտրոնական ճանապարհով: «Կամուրջը» ձևավորվել է տրավերտինային կոնգլոմերատների ջրային էրոզիայի արդյունքում և բաղկացած է երկու կամարներից: Մեծ կամարը, որի տակով հոսում է գետը, ունի մոտ 10 մ բացվածք և 5-6 մ լայնություն: Նրան անմիջականորեն հարում է փոքր կամարը՝ 5 մ բացվածքով և 2 մ բարձրությամբ: Վերջինիս տակ՝ գետի հին հունի մեջ նկատելի են հին ջրաղացի ավերակներ:

Բերդկունք (Սպիտակ բերդ)

ԲՆԱԿԱՏԵՂԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑԸ — Գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի արևելյան մասում և տեղադրված են Սևանա լճի ափին: Մատչելի են գյուղամիջյան Ճանապարհով Երևան-Գավառ մայրուղուց դեպի ձախ թեքվելով: Կիկլոպյան ամրոցը կանգնած է մի խոշոր ժայռաբլրի վրա և իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ: Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից: Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նման է Լճափ գյուղի մոտ գտնվող ամրոցին և պետք է թվագրվի Ք.ա. II — I հազարամյակների սահմաններում: Այն նույնպես շրջապատված է բնակատեղիի ավերակներով, իսկ ամրոցի սահմաններից ներս նկատվում են կացարանների հետքեր: Ամրոցն, արևմուտքից-արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավ-արևմտյան անկյունում միանում է մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս: Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի: Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով: Դրանք հիմնականում բնական, մանր կիրճեր են և մարդիկ վերափոխելով դրանք, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես և Լճաշենի ամրոցում: Նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մ լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր: 
Բերդկունքի կիկլոպյան ամրոցի դիրքն այնքան հաջող է ընտրված և գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում (10-13-րդ դդ.) կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որը տեղացիները կոչել են «Սպիտակ բերդ», քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ բարձր աշտարակի մնացորդ, որը ծեփված է կրաշաղախով: Տեղացիներն այն անվանում են նաև Իշխանաց ամրոց: 
Այս ամրոցը սովորաբար նույնացնում են միջին դարերի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի Բերդկունք բերդաքաղաքի և ճանապարհային կայանի հետ (10-13-րդ դդ.), կամ տեղադրում են նաև Ազատ քաղաքը: Բերդկունքը գտնվելով Դվինից մոտ 115 կմ հեռավորության վրա՝ արաբական տիրապետության շրջանում կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ Ճանապարհի վրա: Նաև կարևոր առևտրական կենտրոն ու վաճառատեղի էր, որտեղ վաճառվում էին Գեղարքունիք գավառի տարբեր մասերից բերված ապրանքները: Նշանավոր էր և իր խանութներով, կրպակներով, իջևանատներով: Այն ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից՝ 13-14-րդ դարերում:

API key not valid. Please pass a valid API key.

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Թռչուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին.

  1. Սուզակներ (Podicipediformes)
  2. Ձկնկուլ (Pelecaniformes)
  3. Արագիլ, տառեղ, ջրցուլ (Ciconiiformes)
  4. Ֆլամինգո (Phoenicopteriformes)
  5. Գիշատիչներ (Falconiformes)
  6. Սագեր, բադեր, կարապներ (Anseriformes)
  7. Հավազգիներ (Galliformes)
  8. Կռունկ, փարփար (Gruiformes)
  9. Որոր, կտցար, քարադր (Charadriiformes)
  10. Աղավնազգիներ (Columbiformes)
  11. Կկուներ (Cuculiformes)
  12. Բու (Strigiformes)
  13. Այծկիթ (Caprimulgiformes)
  14. Մանգաղաթևեր, ծիծեռնակներ (Apodiformes)
  15. Մեղվակեր, հոպոպ, ալկիոն (Coraciiformes)
  16. Փայտփոր, վիզգցուկ (Piciformes)
  17. Ճնճղուկանմաններ (Passeriformes) – 102 տեսակ:

        

կռնչան բադ                                 լոր                         թխակապույտ աղավնի

39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից մեկը` Հայկական որորը (Laurus armenicus) էնդեմիկ տեսակ է: Ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպող 267 տեսակի թռչուններից 20-ը ներկայումս հազվագյուտ են, սակայն գրանցված չեն Հայաստանի Կարմիր գրքում: Դրանք են` մոխրայտ սուզակը, մեծ սուզակը, սպիտակ փոքր տառեղը, մոխրագույն տառեղը, սև ցինը, տափաստանային ճուռակը, փոքր ենթարծիվը, կարմիր բադը, պիրոլը, սովորական սոխակը, փոքր քարադրը, սևուկ կտցարը, սպիտակավիզ կտցարը, գետային ջրածիծառը, ականջավոր բուն, այծկիթը, ճահճային մկնաճուռակը, սովորական կիվիկը, խայտաբղետ փայտփորը, ժայռային ծիծեռնակը: Ընդ որում` սև ցինը, սովորական սոխակը և սևուկ կտցարը միգրացվող, սակայն ազգային պարկի տարածքում չբազմացող տեսակներից են: Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 39 և տնտեսական արժեք ներկայացնող 29 տեսակների վիճակը ներկայումս գնահատվում է անբավարար` բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով: Սակավաթվությամբ և բնադրավայրերի խոցելիությամբ առանձնապես տագնապալի են Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակների վիճակը` սև ագռավ, վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն, մեծ ձկնկուլ, տարգալկտուց, ճչան կարապ, մոխրագույն բադ, մարմարյա մրտիմն, սպիտակագլուխ բադ, մարգագետնային մկնաճուռակ, Եվրոպական ճնճղաճուռակ, քարարծիվ, սև անգղ, միջերկրածովյան բազե, սապսան, մոխրագույն կռունկ, խայտաբղետ քարակեռնեխ:

Անողնաշարավորներ

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ.

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին: Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

Խեցգետիններ

Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին` պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

Ողնաշարավորներ

Ձկներ

Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի-Salmonidae, սիգազգի Coregonidae և ծածանազգի-Cyprinidae ընտանիքներով: Սաղմոնազգիներին են պատկանում Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler 1877) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով` Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii): Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է (Whitefish – Coregonus lavaretus): Ծածանազգի ձկնատեսակներին են պատկանում լճի երկու էնդեմիկները` Սևանի կողակը (Khrami carp-Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղլուն (Sevan barble–Barbus goktschaicus): 1980-ական թվականների սկզբից լճում սկսել է հանդիպել նաև արծաթափայլ լճածածանը (Crucian carp–Carassius auratus gibelio), որը պատահաբար լիճ է ներթափանցել Արարատյան դաշտի ջրային համակարգերից: 1987 թվականից Սևանա լճի երկու էնդեմիկ տեսակ՝ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն, ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

 

Երկկենցաղներ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են երկկենցաղների հետևյալ 4 տեսակները, որոնք պատկանում են Ցատկողներ (Salientia) կարգին`

 

         

   լճագորտ                   փոքրասիական գորտ        կանաչ դոդոշ            Շելկովնիկովի ծառագորտ

   Rana ridibunda               Rana macrocnemis             Bufo viridis                      H.a.schelkovnikovi

Սողուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են սողունների 16 տեսակներ, որոնցից 11 տեսակներ պատկանում են մողեսներ (Lacertilia) կարգին, իսկ 5 տեսակ` օձեր (Serpentes) կարգին: Դրանցից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են խայտաբղետ մողեսիկը (E.a.transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva):

 

Փոքրասիական մողես        Ճարպիկ մողես            Ջրային լորտու        Լեռնատափաստանային իժ

         

                   

Կաթնասուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են կաթնասունների 44 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգերին.

  1. Միջատակերներ (Insectivora),
  2. Կրծողներ (Rodentia),
  3. Նապաստակներ (Logomorpha),
  4. Չղջիկներ (Chiroptera),
  5. Գիշատիչներ (Carnivora),
  6. Սմբակավոր/կճղակավոր կաթնասուններ (Artiodactyla):

Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):