Նորատուսը բրոնզի և երկաթի դարերով թվագրվող հուշարձաններով հնագույն բնակավայր է: Կա տեսակետ, որ սա Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանն է եղել, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Բնակավայրը տարբեր ժամանակներում եղել է վարչական կենտրոն, իշխանական տան նստավայր և այլն: Ավանդազրույցներից մեկը պատմում է, որ օսմանյան թուրքերը ներխուժում են Գեղարքունիք, իսկ Գեղամ իշխանը, ով շատ քիչ զինվորներ է ունենում, իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին: Սա թշնամու մոտ խաբկանք է ստեղծում և հեռվից թողնում է մեծաքանակ, ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, Գեղամ իշխանն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում նրանց: Կա մեկ այլ ավանդազրույց, որը կապված է դամբարանի տարածքի փոքրիկ մատուռ հետ: Այս մատուռի շնորհիվ փրկվել է ողջ գյուղը։ Ավանդազրույցի համաձայն, Մոնղոլ-թաթարները պայմանավորվում են գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Մատուռի գաղտնի ելքով բնակիչները կարողանում են փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը մտնում է ներս և ապշահար է լինում, երբ տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին «հրաշքը» բացատրում է այսպես. մարդիկ վերածվել են աղավնիների ու չվել երկինք: Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով. հին մասում 9-17- րդ դարերի 800 խաչքար կա։ Գերեզմանատունը Նախիջևանի Ջուղայի պատմական գերեզմանատնից հետո մեծությամբ երկրորդն էր: Ադրբեջանի կողմից Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։ Նորատուսի գերեզմանոցում կան օրորոցաձև տապանաքարեր՝ սրածայր կամ բոլորաձև գլխամասով: Հարթ տապանաքարերի վրա մարդկանց պատկերներ են, իսկ օրորոցաձև տապանաքարերի վրա ննջեցյալի զբաղմունքին, նախասիրություններին և կենցաղին վերաբերող քանդակներ են։ Սրանց միջոցով հեշտ է կռահել, թե ով է եղել ննջեցյալը: Գյուղացին պատկերված է գութանով, երաժիշտը ` նվագարանով, ազնվականը ` որս անելիս… Բնակավայրը, բացի գերեզմանատնից, այլ հուշարձաններ ևս ունի: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցին (9- րդ դարի վերջ) ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով, բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Սուրբ Գրիգոր կամ Դոփուց վանքի( 10-13 րդ դար) արևմտյան պատին պահպանվել է Հերակլ Հավնունի իշխանի արձանագրությունը։ Վանքը կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) ու եղել է կուսանոց։ Բարձունքի վրա գտնվող մատուռի (13-րդ դար) միայն պատերի ստորին շարքերն են պահպանվել: Արևմտյան պատը խաչքարերով է շարված, բակի շուրջը խցերի ավերակներ կան։ Գյուղամիջում ևս ցրված խաչքարեր կան, որոնցից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211-ով։