Կառուցված է մի ժայռոտ բլրի վրա, որը հյուսիսից նայում է Սևանա լճին, տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք, Արծվանիստ գյուղի արևելյան մատույցներում: Առավել մատչելի է Ծովինար գյուղի միջով դեպի Արծվանիստ տանող հին ճանապարհով: Ամրոցի բլրի հարավ-արևմտյան մասում, Ծովինար-Արծվանիստ ճանապարհից անմիջապես ձախ՝ քարաժայռի ճակատին գտնվում է Վանի թագավորության տիրակալ Ռուսա I-ի (Ք.ա. 735-713 թթ.) արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ Ռուսա I-ը նվաճել է այստեղ գոյություն ունեցած ամրոցը, նույն տեղում վերակառուցել է այն և անվանել Թեյշեբաինի ամրոց: Ինչևիցե, տեղում հստակորեն կարելի է նկատել, որ այստեղի ամրաշինական համակարգը կազմող որոշ էլեմենտներ (աշտարակներ, պարսպապատեր, պատեր) վերակառուցված են, կամ էլ հավելված են չթրծված աղյուսով շարված կոնստրուկցիաներով: Ամրոցի և հատկապես միջնաբերդի գլխավոր պարիսպները և քարաբուրգերը նույնպես վերակառուցված են, նրանց արտաքին երեսները շարված են տաշված և ողորկ կողմերը դեպի դուրս ուղղված քարերով: Թեյշեբաինին, 24 գործնականում, Սևանի ավազանում Վանի թագավորության շրջանին պատկանող ամրոցներից այսօր ամենալավ պահպանվածն է, որը հանդիսացել է լճի հարավային ափի ամենահուսալի ուրարտական հենակետը, ինչպես Ուելիքուխի երկրի «Խալդի քաղաքը» կամ Գավառի Բերդի գլուխ ամրոցը Գավառագետի ավազանի համար:

Թողնել պատասխան