ԲՆԱԿԱՏԵՂԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑԸ — Գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի արևելյան մասում և տեղադրված են Սևանա լճի ափին: Մատչելի են գյուղամիջյան Ճանապարհով Երևան-Գավառ մայրուղուց դեպի ձախ թեքվելով: Կիկլոպյան ամրոցը կանգնած է մի խոշոր ժայռաբլրի վրա և իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ: Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից: Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նման է Լճափ գյուղի մոտ գտնվող ամրոցին և պետք է թվագրվի Ք.ա. II — I հազարամյակների սահմաններում: Այն նույնպես շրջապատված է բնակատեղիի ավերակներով, իսկ ամրոցի սահմաններից ներս նկատվում են կացարանների հետքեր: Ամրոցն, արևմուտքից-արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավ-արևմտյան անկյունում միանում է մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս: Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի: Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով: Դրանք հիմնականում բնական, մանր կիրճեր են և մարդիկ վերափոխելով դրանք, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես և Լճաշենի ամրոցում: Նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մ լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր: 
Բերդկունքի կիկլոպյան ամրոցի դիրքն այնքան հաջող է ընտրված և գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում (10-13-րդ դդ.) կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որը տեղացիները կոչել են «Սպիտակ բերդ», քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ բարձր աշտարակի մնացորդ, որը ծեփված է կրաշաղախով: Տեղացիներն այն անվանում են նաև Իշխանաց ամրոց: 
Այս ամրոցը սովորաբար նույնացնում են միջին դարերի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի Բերդկունք բերդաքաղաքի և ճանապարհային կայանի հետ (10-13-րդ դդ.), կամ տեղադրում են նաև Ազատ քաղաքը: Բերդկունքը գտնվելով Դվինից մոտ 115 կմ հեռավորության վրա՝ արաբական տիրապետության շրջանում կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ Ճանապարհի վրա: Նաև կարևոր առևտրական կենտրոն ու վաճառատեղի էր, որտեղ վաճառվում էին Գեղարքունիք գավառի տարբեր մասերից բերված ապրանքները: Նշանավոր էր և իր խանութներով, կրպակներով, իջևանատներով: Այն ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից՝ 13-14-րդ դարերում:

API key not valid. Please pass a valid API key.

Թողնել պատասխան