Սիգ

Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:
Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: 

 Սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1-ից (1991թ.) նվազել է մինչև 1.1՝ 2004 թ. և 1.6` 2005 թ.: Ընդ որում` 1990-ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներն էին, իսկ 1999 թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը: 2004-2005 թթ. սնվող վտառի գերակշռող մասը կազմել են 1+ ձկները (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Սիգի սնվող վտառի տարիքային կառուցվածքը (%) ըստ տարիների

ՏԱՐԻՆԵՐ 1+ 2+ 3+ 4+ 5+ 6+ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ
1991 2.5 15.4 49.7 32.4 3.1
1998 9.1 70.1 20.6 0.2 2.1
1999 41.7 40.4 16.8 1.1 1.8
2004 93.5 4.9 0.7 0.4 0.3 0.2 1.1
2005 65.0 20.2 10.4 3.3 0.9 0.2 1.6

 

Պոպուլյացիայի առանձնյակների մանրացումը պայմանավորված է նաև օգտագործվող որսամիջոցներով, որոնցով կատարվում է սելեկցիոն որս: Նախկինում հիմնականում օգտագործվել են համեմատաբար խոշոր խորշ ունեցող (45 մմ և ավելի) ցանցեր, ներկայումս առավելապես օգտագործվում են մանր խորշերով ցանցեր (40 մմ և ցածր), որի արդյունքում որսաբաժնում աճում է ոչ արդյունագործական ձկների բաժինը` միաժամանակ քչացնելով պոպուլյացիայի համալրման քանակները: Լճում ձկնային պաշարների նվազման պատճառով մեկ որսամիջոցի (քսակավոր և ձգովի ուռկան) արդյունագործական հզորությունը ընկել է 6-7 անգամ: Այս պարագայում 1+ տարեկան ձկների հետագա չվերահսկվող արդյունահանումը կհանգեցնի ընդհանուր ձկնային պաշարների վերջնական խզման, որի վերականգնման համար կպահանջվեն երկար տարիներ: Ակնհայտ է սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացումը: 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թ. կրճատվել է 17 անգամ: Դա իր բացասական ազդեցությունն է թողնում լճի լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, որով ավելի է խորացվում էվտրոֆացման պրոցեսը:

Սիգը ձվադրում է Սևանա լճի ափամերձ գոտու ամբողջ երկայնքով, հիմնականում 0.5-11 մ խորությունների վրա, գրեթե բոլոր գրունտներում՝ բացառությամբ տիղմի և մակրոֆիտների: Առանձին վայրերում սիգը կարող է ձվադրել մինչև 32 մ խորություններում: Ձվադրավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է լճի մակերեսի մոտ  16 %-ը: Վերջինս վկայում է սիգի բնական վերարտադրության մեծ հնարավորությունների առկայության մասին: Ձվադրումը կատարվում է նոյեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը: 2005 թ. սիգի միջին բեղունությունը կազմել է 14500 ձկնկիթ, որը մոտ 25-30 %-ով ցածր է 1980-ական թվականների սկզբի նույն ցուցանիշներից: Վերջինս պայմանավորված է սիգի պոպուլյացիայի չափատարիքային կազմի փոփոխություններով:

Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները պաշարների անխնա շահագործման հետևանք են: Չնայած, յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները:

Սևանի բեղլու

Սևանի բեղոտ (Barbus lacerta sevangi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճա-գետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Միջին չափի ձուկ է։
Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Խռիկային առէջները կարճ են՝ բահանման ծայրով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները կողագծում 54-72 հատ են։ Մեջքային լողակում կա 12 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է համեմատաբար թույլ զարգացած մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են, երբեմն՝ երկշարք։ Ընդհանուր գունավորումը դեղնամոխրավուն է։ Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն։ Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պտեր, որոնք խոշոր առանձնյակների մոտ կարող են ի հայտ չգալ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ։ Բազմանում է հունիս-օգոստոսին՝ ջրի 14-18 °C ջերմաստիճանային պայմաններում։ Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հազար ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն։ Հանդիպում է վտառներով։ Վարում է մերձհատակային կենսակերպ։
Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով։ Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է։

Բեղլուն, որպես անհետացող տեսակ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի

Լճաշենի ամրոց-բնակատեղին գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա և զբաղեցնում առավել քան 35.0 հա տարածք: Տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Ամրոցն իր դիրքով 50-100 մ հարաբերական բարձրությամբ իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակատեղիի արտաքին պարիսպների ընհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Տարածքը և շրջակայքը խիստ քարքարոտ է, ծածկված կացարանների մնացորդներով: Լճաշենի ամրոցն ունի 2 միջնաբերդ և 22 մանր ու խոշոր քարաբուրգեր ու աշտարակներ: Ամրոց-բնակատեղին շրջապատող բարձր ու լայն պարիսպները կառուցված են բազալտի խոշոր ժայռաբեկորներից, որոնք անտաշ են, սակայն պարսպի որմերում հարմարեցված են այնպես, որ դրանց հարթ կողմերը նայում են դուրս:
Պարսպի լայնությունը միջինում 3,5 մ է, իսկ խոցելի տեղերում և միջնաբերդի մուտքերի մոտ հասնում է 5 և ավելի մետրի:
Լճի նահանջից հետո այստեղ պեղվել են թվով 430 դամբարաններ և 31 դամբարանաբլուրներ, որոնք տրամադրել են Ք.ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսերին վերաբերվող նյութական մշակույթի մնացորդներ: Վաղ շրջանի թաղումները (Ք.ա. IV — III հազարամյակներ) ներկայացված են քարարկղային և վերգետնյա թաղումներով, Ք.ա II հազարամյակի առաջին կեսի թաղումները՝ հիմնահողային խցերով են: Ք.ա II հազարամյակի երկրորդ կեսի թաղումները հիմնականում, կրկին, դառնում են քարարկղային: Լճաշենի հնագիտական ուշագրավ հուշարձանների շարքում է նաև Վանի թագավորության Արգիշտի I արքայի թողած սեպագիր արձանագրությունը:
Այս արձանագրության մեջ Արգիշտի I-ը պատմում է դեպի Սևանա լճի ավազանը կատարած իր արշավանքի և Իշտիկունի քաղաքի գրավման մասին, որն էլ, հավանաբար, հենց Լճաշենի ամրոց-բնակատեղին է:
Արձանագրությունն արված է ժայռաբեկորի վրա, որը նախկինում, մինչև լճի ջրերի իջեցումը եղել է ափամերձ գոտի և նայել է դեպի լիճը, իսկ այժմ գտնվում է գյուղի կապի բաժանմունքի հարևանությամբ:
Արձանագրությունը, լինելով Վանի թագավորության վիմագրական տարեգրության մի փայլուն օրինակ, լրացնում է Լճաշեն գյուղի հնագիտական հուշարձանների ուշագրավ համալիրը և լույս սփռում Գեղարքունիքի հնագույն պատմության իրադարձությունների վրա ընդհանրապես:

Շարունակել կարդալ “Լճաշենի կիկլոպյան ամրոց-բնակատեղի”

Բուսական աշխարհ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1727 տեսակ: Ընդ որում, <<Սևան>> ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում` 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միա

մյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով: <<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13–ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ:

17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմ

իր գրքում: Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի: Պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ): Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները` ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus),

շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: 24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինյոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն:

Ֆլորա

2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիումային տվյալների համաձայն, պարզվել է, որ ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ընդ որում՝ ՙՍևան՚ ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով (բուսատեսակների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է ՙՍևան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ին):
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13-ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ: 17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (պահպանական գոտում դրանք 48-ն են):
Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի:
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ), որոնցից 180-ը պատկանում են ագարիկալ սնկերին, 55-ը` աֆիլոֆորայիններին, իսկ 32-ը` գաստերոմիցետներին: Ընդ որում՝ պարկի տարածքում հայտնաբերված սնկերը հիմնականում հանդիպում են քայքայված բնափայտի, կոճղերի, գոմաղբի և ավազուտների վրա, այսինքն՝ պատկանում են քսիլոտրոֆ և պսամոտրոֆ էկոլոգիական խմբերին, իսկ պահպանական գոտու սնկերը ավելի բազմազան սուբստրատների վրա են զարգանում:
Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինիոն սովորական (Agaricus campestris), շամպինիոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: Դրանք են` ագարիկոմիցետներից 28 տեսակներ, աֆիլոֆորոմիցետներից 17 տեսակներ և գաստերոմիցետներից 8 տեսակներ: Բնակչությունը չի օգտագործում այդ սնկերը, քանի որ տեղեկացված չեն դրանց օգտագործման ձևերին և բուժիչ հատկություններին:
24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինիոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն: Տեղացի բնակիչները այդ տեսակները կոչում են գարշասնկեր (պոգանկա), խուսափում են հավաքել և թունավորման դեպքերը հազվադեպ են:

Թանգարան

“Սևան” ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով:
Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդերում: Թանգարանը չունի պահպանության համար նախատեսված ֆոնդեր: Ձեռք բերման աշխատանքները կատարվել են ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքում և շարունակվում են նաև այսօր:
Թանգարանը բաղկացած է երկու սրահներից, որոնք ունեն իրենց առանձին բաժինները`

Թանգարանում ցուցադրությունը սկսվում է ժամանակագրական կարգով` ներկայացնելով Սևանի տարածաշրջանի պատմությունն ու ազգագրությունը:
Թանգարանն իրականցնում է հավաքչական, ուսումնասիրման, մշակման, պահպանման աշխատանքներ` ըստ համապատասխան բաժինների: Այն ապահովում է նաև Սևանի տարածաշրջանին վերաբերող տեղեկատվության տրամադրում:
Թանգարանն ունի նաև գրադարան համապատասխան գրականությամբ, որն ուսումնասիրվում է ոչ միայն <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի մասնագետների, այլ նաև բնակչության կողմից: Թանագարանում իրականացվում են միջոցառումներ, կինոդիտումներ, սեմինարներ, բանավեճեր, որոնք վերաբերում են Սևանա լճին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, բնապահպանությանը և այլն: Անցկացվում են հանրամատչելի, ուսուցողական, ճանաչողական դասընթացներ, վիկտորինաներ: Պահպանվում է կապը դպրոցների, մանկապարտեզների, մանկապատանեկան տարբեր կենտրոնների, զբոսաշրջիկների հետ, ինչպես նաև իրականացվում են էքսկուրսիաներ` տարբեր տարիքի անձանց հետ:
Թանգարանը գտնվում է Ք. Սևան, Սայաթ-Նովա 14 հասցեում, Սևանի քաղաքային մշակույթի կենտրոնի շենքում: Հեռախոս` (0261) 2-02-83