Լճաշենի ամրոց-բնակատեղին գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա և զբաղեցնում առավել քան 35.0 հա տարածք: Տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Ամրոցն իր դիրքով 50-100 մ հարաբերական բարձրությամբ իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակատեղիի արտաքին պարիսպների ընհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Տարածքը և շրջակայքը խիստ քարքարոտ է, ծածկված կացարանների մնացորդներով: Լճաշենի ամրոցն ունի 2 միջնաբերդ և 22 մանր ու խոշոր քարաբուրգեր ու աշտարակներ: Ամրոց-բնակատեղին շրջապատող բարձր ու լայն պարիսպները կառուցված են բազալտի խոշոր ժայռաբեկորներից, որոնք անտաշ են, սակայն պարսպի որմերում հարմարեցված են այնպես, որ դրանց հարթ կողմերը նայում են դուրս:
Պարսպի լայնությունը միջինում 3,5 մ է, իսկ խոցելի տեղերում և միջնաբերդի մուտքերի մոտ հասնում է 5 և ավելի մետրի:
Լճի նահանջից հետո այստեղ պեղվել են թվով 430 դամբարաններ և 31 դամբարանաբլուրներ, որոնք տրամադրել են Ք.ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. II հազարամյակի երկրորդ կեսերին վերաբերվող նյութական մշակույթի մնացորդներ: Վաղ շրջանի թաղումները (Ք.ա. IV — III հազարամյակներ) ներկայացված են քարարկղային և վերգետնյա թաղումներով, Ք.ա II հազարամյակի առաջին կեսի թաղումները՝ հիմնահողային խցերով են: Ք.ա II հազարամյակի երկրորդ կեսի թաղումները հիմնականում, կրկին, դառնում են քարարկղային: Լճաշենի հնագիտական ուշագրավ հուշարձանների շարքում է նաև Վանի թագավորության Արգիշտի I արքայի թողած սեպագիր արձանագրությունը:
Այս արձանագրության մեջ Արգիշտի I-ը պատմում է դեպի Սևանա լճի ավազանը կատարած իր արշավանքի և Իշտիկունի քաղաքի գրավման մասին, որն էլ, հավանաբար, հենց Լճաշենի ամրոց-բնակատեղին է:
Արձանագրությունն արված է ժայռաբեկորի վրա, որը նախկինում, մինչև լճի ջրերի իջեցումը եղել է ափամերձ գոտի և նայել է դեպի լիճը, իսկ այժմ գտնվում է գյուղի կապի բաժանմունքի հարևանությամբ:
Արձանագրությունը, լինելով Վանի թագավորության վիմագրական տարեգրության մի փայլուն օրինակ, լրացնում է Լճաշեն գյուղի հնագիտական հուշարձանների ուշագրավ համալիրը և լույս սփռում Գեղարքունիքի հնագույն պատմության իրադարձությունների վրա ընդհանրապես: