2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիումային տվյալների համաձայն, պարզվել է, որ ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ընդ որում՝ ՙՍևան՚ ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով (բուսատեսակների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է ՙՍևան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ին):
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13-ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ: 17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (պահպանական գոտում դրանք 48-ն են):
Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի:
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ), որոնցից 180-ը պատկանում են ագարիկալ սնկերին, 55-ը` աֆիլոֆորայիններին, իսկ 32-ը` գաստերոմիցետներին: Ընդ որում՝ պարկի տարածքում հայտնաբերված սնկերը հիմնականում հանդիպում են քայքայված բնափայտի, կոճղերի, գոմաղբի և ավազուտների վրա, այսինքն՝ պատկանում են քսիլոտրոֆ և պսամոտրոֆ էկոլոգիական խմբերին, իսկ պահպանական գոտու սնկերը ավելի բազմազան սուբստրատների վրա են զարգանում:
Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինիոն սովորական (Agaricus campestris), շամպինիոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: Դրանք են` ագարիկոմիցետներից 28 տեսակներ, աֆիլոֆորոմիցետներից 17 տեսակներ և գաստերոմիցետներից 8 տեսակներ: Բնակչությունը չի օգտագործում այդ սնկերը, քանի որ տեղեկացված չեն դրանց օգտագործման ձևերին և բուժիչ հատկություններին:
24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինիոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն: Տեղացի բնակիչները այդ տեսակները կոչում են գարշասնկեր (պոգանկա), խուսափում են հավաքել և թունավորման դեպքերը հազվադեպ են:

Թողնել պատասխան