Գտնվում Է Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Գավառ-Մարտունի ավտոխճուղուց ձախ, Սևանա լճի արևմտյան ափին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի վարչական տարածքում, նրանից 8,5 կմ հարավ-արևելք: Ամրոցը տեղադրված է մի ընդարձակ հրվանդանի վրա, շուրջ 30.0 հա տարածությամբ, երեք կողմերից շրջապատված է լճի ջրերով: Տարածքը զբաղեցված է միջնադարյան Քանագեղ կամ Մանուչարի Դոլակներ կոչվող ընդարձակ գյուղի ավերակներով: Կիկլոպյան պարսպի հետքերը նկատելի են ամրոցի հյուսիս-արևմտյան կողմում, այնուհետև դրանք թեքվում են դեպի արևմուտք և ապա հարավ՝ 900 մ ընդհանուր երկարությամբ: Ամրոցբնակատեղիի մնացած կողմերը պարսպապատ չեն դրանց անմատչելի` խիստ զառիթափ և քարքարոտ լինելու պատճառով: Այստեղ եղած երեք փոքր ձորակներն էլ, որոնք կարող էին դեպի ամրոց ներխուժման տեղամասեր ծառայել, ափից ափ փակված են երեք շարք պարիսպներով: Պարիսպների արտաքին կողմից նկատելի են 7 տարբեր ձևի ու մեծության աշտարակների մնացորդներ: Նրանցից 4-ը կիսաշրջանաձև են, հավանորեն վերակառուցված ուշ շրջանում, իսկ 3-ը՝ քառակուսի: Ամրոց մտնող ճանապարհը արևմուտքից է և երկու կողմերից պարսպապատված մոտենում է միջնաբերդին: Միջնաբերդը այստեղ բավականին փոքր է և նման է բարձրադիր կետում կառուցված մի առանձին շինության: Ամրոցի հյուսիս-արևմտյան մասում և շրջակայքում նկատելի են կացարանների հիմքեր: Ամրոցի պահակակետը գտնվում է նրանից 2 կմ դեպի հարավ, մի ժայռոտ բլրի վրա և իրենից ներկայացնում է մի առանձին՝ ավելի փոքր ծավալների ամրոց: 22 Քանագեղի հնավայրը ներառում է նաև թվով շուրջ 50 դամբարաններ, որոնցից առավել խոշորները (9 դամբարան), հարավային կողմում կազմում են մի առանձին խումբ: Դամբարանադաշտում 1999-2002 թթ. պեղումներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը:

Դամբարանաբլուրների կրոմլեխների տրամագծերը հասնում են մինչև 15 մ: Ք.ա. 15-րդ դ. վերջին քառորդի և 14-րդ դ. ա ռաջին կեսի նյութական մշակույթի ուշագրավ նմուշներ (խեցանոթներ, մետաղյա իրեր, վանակատե նետասլաքներ, տարատեսակ ուլունքներ, զարդեր ձուլելու երկփեղկ կաղապարներ, կավե հալոց, հեմատիտե միտանիական կնիք) է տրամադրել, մասնավորապես, N3 դամբարանային կառույցը՝ իր 3 թաղման խցերով: Դատելով այստեղ իրականացված թաղման ծեսից և նյութական մշակույթի մնացորդներից, ենթադրվել է, որ նրա «տերը» հասարակական բարձր կարգավիճակ ունեցող մետաղագործ է եղել: