Տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի նույնանուն գյուղի հարավային և արևմտյան կողմերում գտնվող բարձունքի վրա, որը շրջապատի նկատմամբ վեր է խոյանում 50-60 մ: Մատչելի է Ծովակ գյուղից սարահարթ տանող ճանապարհը հետիոտն կերպով հաղթահարելով կամ Ծովակ-Լճավան ավտոճանապարհով սարահարթի վրա բարձրանալով, ինչպես նաև Կարճաղբյուր գյուղից Մարտունի-Վարդենիս հին ճանապարհն օգտագործելով: Միջնաբերդը մխրճված է եղել լճի մեջ և երեք կողմերով շրջապատված է եղել անմատչելի զառիթափերով, իսկ հարավային մասով միացել բնակատեղիին: Հզոր պարսպապատնեշների շնորհիվ ամրոցը բոլոր կողմերից անմատչելի է դարձել: Պարիսպների և կացարանների պատերի կառուցման տեխնիկան նույնն է՝ խոշոր, անտաշ, միմյանց վրա առանց շաղախի շարված բազալտե քարեր: Այն գոյություն է ունեցել առնվազն Ք.ա. II հազարամյակի վերջերից և I հազարամյակի սկզբներից: Վանի թագավորության տիրակալ Սարդուր II-ը (Ք.ա. 764-735 թթ.) 751 թ. կամ 750 թ. գրավել և ավերել է այն, ապա վերակառուցել՝ հարմարեցնելով իր պահանջներին: Ամրոցի հյուսիսային եզրի ժայռի վրա նա թողել է մի սեպագիր արձանագրություն, որից տեղեկանում ենք, որ ամրոցն ու շրջակա տարածքը կոչվել են Արքուկինի երկիր: