Սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1-ից (1991թ.) նվազել է մինչև 1.1՝ 2004 թ. և 1.6` 2005 թ.: Ընդ որում` 1990-ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներն էին, իսկ 1999 թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը: 2004-2005 թթ. սնվող վտառի գերակշռող մասը կազմել են 1+ ձկները (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Սիգի սնվող վտառի տարիքային կառուցվածքը (%) ըստ տարիների
ՏԱՐԻՆԵՐ | 1+ | 2+ | 3+ | 4+ | 5+ | 6+ | ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ |
1991 | 2.5 | 15.4 | 49.7 | 32.4 | — | — | 3.1 |
1998 | 9.1 | 70.1 | 20.6 | 0.2 | — | — | 2.1 |
1999 | 41.7 | 40.4 | 16.8 | 1.1 | — | — | 1.8 |
2004 | 93.5 | 4.9 | 0.7 | 0.4 | 0.3 | 0.2 | 1.1 |
2005 | 65.0 | 20.2 | 10.4 | 3.3 | 0.9 | 0.2 | 1.6 |
Պոպուլյացիայի առանձնյակների մանրացումը պայմանավորված է նաև օգտագործվող որսամիջոցներով, որոնցով կատարվում է սելեկցիոն որս: Նախկինում հիմնականում օգտագործվել են համեմատաբար խոշոր խորշ ունեցող (45 մմ և ավելի) ցանցեր, ներկայումս առավելապես օգտագործվում են մանր խորշերով ցանցեր (40 մմ և ցածր), որի արդյունքում որսաբաժնում աճում է ոչ արդյունագործական ձկների բաժինը` միաժամանակ քչացնելով պոպուլյացիայի համալրման քանակները: Լճում ձկնային պաշարների նվազման պատճառով մեկ որսամիջոցի (քսակավոր և ձգովի ուռկան) արդյունագործական հզորությունը ընկել է 6-7 անգամ: Այս պարագայում 1+ տարեկան ձկների հետագա չվերահսկվող արդյունահանումը կհանգեցնի ընդհանուր ձկնային պաշարների վերջնական խզման, որի վերականգնման համար կպահանջվեն երկար տարիներ: Ակնհայտ է սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացումը: 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թ. կրճատվել է 17 անգամ: Դա իր բացասական ազդեցությունն է թողնում լճի լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, որով ավելի է խորացվում էվտրոֆացման պրոցեսը:
Սիգը ձվադրում է Սևանա լճի ափամերձ գոտու ամբողջ երկայնքով, հիմնականում 0.5-11 մ խորությունների վրա, գրեթե բոլոր գրունտներում՝ բացառությամբ տիղմի և մակրոֆիտների: Առանձին վայրերում սիգը կարող է ձվադրել մինչև 32 մ խորություններում: Ձվադրավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է լճի մակերեսի մոտ 16 %-ը: Վերջինս վկայում է սիգի բնական վերարտադրության մեծ հնարավորությունների առկայության մասին: Ձվադրումը կատարվում է նոյեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը: 2005 թ. սիգի միջին բեղունությունը կազմել է 14500 ձկնկիթ, որը մոտ 25-30 %-ով ցածր է 1980-ական թվականների սկզբի նույն ցուցանիշներից: Վերջինս պայմանավորված է սիգի պոպուլյացիայի չափատարիքային կազմի փոփոխություններով:
Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները պաշարների անխնա շահագործման հետևանք են: Չնայած, յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները: