2019թ. Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության նախարարության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մի խումբ անձանց մասնակցությամբ։ Քննարկվեցին <<Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների>> վերաբերյալ կնքված քառակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա աշխատանքների համար։ Խորհրդակցությանը ներկա ձկնորսների ներկայացուցիչները խոստացան աջակցել ձկան ձվադրման ժամանակահատվածում իրականացվող արգելքի միջոցառումներին, խոստացան ինքնակամ դուրս բերել իրենց կողմից թաքցված և լճից դեռևս դուրս չբերված ձկնորսական ցանցերը։ Խորհրդակցության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հունվարի 12-ին իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել մեծ թվով ցանցեր և 16000 հատ սիգ տեսակի ձուկ։ Ժամը 16։00-ի դրությամբ 16000 հատ սիգ հանձնվել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ զորամասեր։ Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը ժամը 18։00-ն։ Տեղեկացնում ենք նաև, որ հերթապահություն է իրականացվում Ճանապարհային Ոստիկանության Սևանի ՊԱՏ հենակետում , Դիլիջանի թունելի սկզբնամասում, Վարդենիս-Սոթք ճանապարհի հատվածում, ինչը կշարունակվի մինչև հունվարի 20-ը։ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր շնորհակալությունն է հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև այն ձկնորսներին, ովքեր ըմբռնումով են մոտենում հարցի կարևորությանն և ինքնակամ դուրս են բերել ցանցերն ու լողամիջոցները։ Նշենք նաև, որ նմանատիպ համատեղ լայնածավալ միջոցառումներ ՀՀ-ում իրականացվում են առաջին անգամ: