Սև փարփար

Սև փարփար, (լատ.՝ Fulica atra) ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարարությունը 36-38 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 70-80 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 500-1100 գրամ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն երանգով։ Ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են։ Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն։ Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մուգ մոխրագույն է, վզի առջևի և դիմային մասերը՝ ավելի բաց գույնի, կտուցը՝ մոխրագույն։Հանրապետությունում համառվում է բնադրվող, չվող թռչուն, հանդիպում է բոլոր բնական և արհեստական ջրավազաններում ու լձերում, մասնավոռապես Սևանում, Արփա լձում և Արարատյան հարթավայրի ձահձուտներում ու լձակներում։
Կենսակերպ
Օրվա մեծ մասն անցկացնում է ջրի վրա։ Վտանգի դեպքում արագ սուզվում է կամ թռիչքի դիմում ծուլորեն, ջրից պոկվում է դժվարությամբ՝ թափավազքի օգնությամբ՝ թևերի հաճախակի թափահարումներով, հաջորդ պահին վայրէջք է կատարում ծանրորեն ջուրն ընկնելով։ Սև փարփարներն ամբողջ կյանքի ընթացքում ապրում են երամներով։ Բնակվում է բոլոր բնական և արհեստական ջրավազաններում, ճահճուտներում, լճերում, դանդաղահոս գետերում։ Սնվում է ջրային բույսերով, որդերով, միջատներով։ Հարսանեկան խաղերն ընթանում են արուների անզիջում պայքարով՝ ճակատ առ ճակատ հարձակումներով, թևերի ու ոտքերի հարվածներով և ականջ ծակող սուր ճիչերով։ Սև փարփարները բնադրում են զույգերով՝ եղեգնուտում։
Բույնը
Բույնը (տրամագիծը՝ 30- 40 սանտիմետր) նման է հարթակի, կառուցում են արուն և էգը՝ եղեգի ցողուններից կամ տերևներից՝ ապրիլ-հունիսին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին կեսից։ Դնում է 53 միլիմետր տրամագծով, մոխրավուն՝ սև պտերով 6-12ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21-22 օր։ Հուլիս-օգոստոսին 65-80 օրական ձագերը լիարժեք տիրապետում են թռիչքին։

Որսի տարածված թռչուն է։

Ձկնկուլ

Ձկնկուլներ (լատ.՝ Phalacrocoracidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլներ: Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլլի լճի չորացումից հետո անհետացել են։ Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։

Մեծ ձկնկուլ

 
Մեծ ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Հաճախ, թևերը տարածած, նստում է քարերին, ծառերին՝ թաց փետուրները չորացնելու համար։

Տարածվածություն
1985-1995 թվականներին ՀՀ տարածքի 22 կետից յուրաքանչյուրում չուի ընթացքում գրանցվել են մինչև 980, բնադրման շրջանում՝ 1-10 թափառող անհատներ։ Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում։ Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ։ Մինչև 1950-ական թվականները ոչնչացվել է որպես ձկնային տնտեսության վնասատու։ Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում՝ չուի ժամանակ և ամռանը։ Ձմռանը, ոչ ամեն տարի՝ Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում։

Բնադրում
Բույնը գաղութային է՝ եղեգնուտում։ Դնում է 66 մմ տրամագծով, բաց կանաչ երկնագույն 3-4 ձու։ Բնադրում են գաղութներով, այլ ջրաճահճային թռչունների հետ։ Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում։ Բազմանում են հունիս-հուլիսին։ Թխսումը՝ 28-30 օր։ Զագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո։ Չուի շրջանում կարելի է հանդիպել 5-30 առանձնյակներից խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճում՝ առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում՝ 20-40 առանձնյակներից։ 1930-ական թթ. Գիլլի լճում հաճախ կազմակերպված մեծ ձկնկուլի ձվերի ու ձագերի ոչնչացման միջոցառումների և հետագայում լճի չորացման հետևանքով բնադրագաղութներն իսպառ վերացել են։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Փոքր ձկնկուլ

Փոքր ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax pygmeus), ձկնկուլների ընտանիքի թռչուն։ Տարածված է Ալժիրում, Բալկանյան թերակղզում, Հունգարիայում, Սև և Կասպից ծովերում, Սիրդարիայում, Փոքր Ասիայում և Իրաքում։ Քաշը կազմում է 600-1000 գրամ։ Հայաստանի Հանրապետությունում համարվում է որպես ձմեռող տեսակ (նախկինում՝ բնակվող, չվող)։ Թվաքանակը փոքր է։ Մինչ Սևանա լճի մակարդակի նվազելը նրանք բնադրվում էին Գիլլիի եղեգնուտներում, մեծ ձկնկուլների հետ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 5–6 երկնագույն ձվեր։ Սնվում է մանր ձկներով։ Միսը որպես սնունդ պիտանի չէ։

Գրանցված է կարմիր գրքում։

Սուզակներ

Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասում։ Գլուխը և վիզը սև են՝ ոսկեգույն, կարմիր զարդափետուրներով։ Սնվում են ջրային միջատներով, ձկներով։

Մեծ սուզակ

Մեծ սուզակ (լատ.՝ Podiceps cristatus), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծական լճակներում։
Մարմնի երկարությունը՝ 46-51 սմ է, թևերի բացվածքը՝ 85-80 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,5 կգ՚։ Վիզը երկար է, բարակ։ Բնադրման շրջանում փուփուլը սև է, վզի զարդափետուրները՝ սև ու շիկակարմիր-դարչնագույն։ Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի բաց գույնի է, մեջքը՝ մոխրագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ։ Կտուցը երկար է, վարդագույն։ Հաճախ, հատկապես ձմռանը, հանդիպում է թաքստոցից և ջրափերից հեռու։ Անթերի լողորդ է. կեր հայթայթելու համար կամ վտանգի պահին կարող է սուզվել ջրի ամենախորը շերտերը։ Թռիչքի է դիմում ծուլորեն. թևերի թափահարման օգնությամբ վազքով բավական տարածություն է անցնում ջրի մակերեսով, ապա օդ բարձրանում։
Բնադրազույգեր է կազմում մարտի 1-ին կեսից մայիսի սկիզբը։ Բույնը լողացող հարթակ է՝ ճահճաբույսերից։ Բնադրում է եղեգնուտում։ Բներում առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին կեսից մայիսի վերջ։ Դնում է 56 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 1-7 ձու։ Թխսակալում է 25- 27 օր։ Բնից հեռանալիս ձվերը քողարկում է՝ ծածկելով եղեգի կտորներով։ Ձվերի կորստի դեպքում թխսման բնազդով բույն է բերում ձվերի չափի և գույնի առարկաներ ու թխսակալում որոշ ժամանակ։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հունիսին։ Մայր թռչունը ձագերին տեղափոխում է մեջքին՝ փետուրների մեջ առած, և անկորուստ կարող է սուզվել ջրի խորքերը։ Ձագերը թռիչքի պատրաստ են կյանքի 50-56-րդ օրը։ Սնվում է մանր ձկներով, ջրային անողնաշարավորներով, բույսերով։

Փոքր սուզակ

Փոքր սուզակ (լատ.՝ Podiceps ruficollis, Tachybaptus ruficollis), ջրային թռչուն։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Մալայան և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում։
Ընդհանուր փետրավորումը գորշասևագույն է, այտերը և պարանոցի առջևի մասը ժանգաշիկավուն է, ձմռանը մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ ստորին մասը սպիտակ։ Գլխի վրայի փետուրները բացակայում են։ Քաշը ՝ 110-250 գրամ է։ Հանդիպում է բոլոր ջրամբարներում, մասնավորապես եղեգնապատ հատվածներում։ Բույնը ամրացված է ջրի հատակից դուրս ցցված բույսերի ցողուններին։ Ձվադրում է ապրիլին, դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Սովորաբար զգույշ թռչուն է, խուսափում է ցերեկային ժամերին ջրի ազատ մակերես դուրս գալուց, եթե հանկարծակի չնչին վտանգ է լինում թռչունն անմիջապես սուզվում է ջրի խոր շերտերը։ Ունի ուժգին ձայն միաժամանակ շատ գեղեցիկ և հաճելի երանգով։ Կերը հայթայթում է ջրի մակերեսից կամ ջրի խորը շերտերից։ Սնվում է հիմնականում միջատներով, թրթուրներով և մանր ձկներով։
Թռչնի այս տեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։

Հայկական որոր

Հայկական որոր (լատ.՝ Larus armenicus), խոշոր որոր է, որը բնակվում է Կովկասում, Մերձավոր Արևելքումև Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։
Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցըկարճ է։ Առաջին ձմռան ժամանակ թռչունները հիմնականում մոխրագույն-շագանակագույն են։
Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում[3]։ Թռչունների մեծ մասը ձմեռում է Թուրքիայում, Լիբանանում և Իսրայելում։ Որոշ առանձնյակներ՝ Կիպրոսում, Եգիպտոսում և Պարսից ծոցի երկրներում։
Բույնը կառուցում են բուսականությունից առափնյա հողի վրա կամ կղզիներում։ Դնում են 3 ձու, հիմնականում ապրիլ ամսին։ Բները գտնվում են շատ մոտ միմյանց և կարող են տարածքային հակասություններ առաջանալ որորների միջև։