Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։

980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։

Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։