Նյութի աղբյուր՝  armtimes.com

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:

— Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:

— Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:

— Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:

— Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:

— Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:

— Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:

— Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:

— Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:

2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:

— Փաստորեն ջրիմուռների առաջացման հիմնական պատճառը կլիմա՞ն է:

— Այո՝ կլիմայից եւ ազոտից: Վերջին 3-4 տարին Սեւանա լճի մակարդակը շատ քիչ է բարձրացել: Եթե նայենք դրան նախորդող 3-4 տարին 1 մետր էր բարձրացել, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում 20 սանտիմետր է բարձրացել: 5 անգամ նվազագույնը դանդաղ է բարձրանում: Այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սեւանա լճում, եթե ուզենք այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի: Սա արվում է հատուկ: 92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝  Սեւանն ու Ճամբարակը՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել:

Սեւանա լիճ ուղիղ արտանետում չկա: Բայց ավազանի մեջ գտնվող յուրաքանչյուր տուն, որն իր բակում ունի փորած հոր, այդ հորում հայտնվող ջուրը ստորգետնյա ջրերի հետ ֆիլտրվում էր: Բայց վերջին շրջանում՝ հատկապես ավտոմատ լվացքի մեքենաների մաքրող հեղուկները որեւէ կերպ չեն ֆիլտրվում: Սրանք պարունակում են շատ մեծ քանակությամբ մակերեւույթաակտիվ նյութեր: Հիմա մենք ֆոսֆորի պիկեր չունենք, բայց վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այն կայուն աճում է: Սրանք շատ տարբեր հանգամանքներ են, որոնք կապ ունեն Սեւանա լճի այս վիճակի հետ, բայց կոնկրետ այս դեպքը կապված է ջերմաստիճանի հետ:

Այս 2 ծաղկումը ես կանխատեսել էի դեռեւս 2017 թվականին: Ես զեկուցել եմ նախարարներին ե՛ւ անցած տարվա առաջին ծաղկումը ե՛ւ այս տարվանը: Անցած տարի անմիջապես ծաղկման ավարտից հետո այս տարվա ծաղկումն եմ նորից կանխատեսել:

— Այսինքն, պրոցեսն ամբողջությամբ կանխատեսելի՞ էր:

— Այո, իհարկե կանխատեսելի էր: Անցած տարվա ծաղկումից հետո ես տեսա, որ այս տարի էլ է ծաղկելու եւ զգուշացրեցի, որ եկեք հիմիկվանից ժողովրդին ասենք, որ եկող տարի էլ է նույնը լինելու: Հիմա այս տարի էլ ծաղկեց, ես կանխատեսում եմ, որ օգոստոսին եւս 1 անգամ կարող է ծաղկում լինել:

— Օգոստոսի ո՞ր շրջանում:

— Օգոստոսի կեսերին կամ կեսերից հետո կարող է 2-րդ անգամ ծաղկել: Եթե երկրորդ անգամ ծաղկեց, ուրեմն իմացեք, որ այլեւս եկող տարի խնդիր չենք ունենալու, 100 տոկոս համոզված եմ: Փոքր Սեւանում ընդհանրապես հիմա խնդիր չունենք: Մեծ Սեւանում էլ հետազոտություն կանցկացվի:

— Սեւանա լճի այցելուների քանակը աճելու միտում ունի՞, թե տարածված տեղեկություններից հետո այս տարի ցածր է այցելությունների թիվը:

— Ես անցած տարի ինչո՞ւ ջուր խմեցի, որովհետեւ իրականում էլ չգիտեի ինչպես ասել, որ անվտանգ է: Մենք հետազոտություն էինք անցկացրել, լողափներում մաքուր վիճակ էր, ոչ մի խնդիր չկար: Բայց չգիտես ինչու բոլոր թերթերը, լրատվամիջոցները հակառակն էին գրում:

— Կարծում եք, որ սա ուղղորդվա՞ծ է:

— Բնականաբար, հենց պիկ այցելությունների շրջանը սկսում է, միանգամից այդպիսի տեղեկություններ են սկսում տարածել:

— Ո՞ւմ կողմից է ուղղորդվում:

— Իմ կարծիքով՝ սա դեպի Վրաստան փաթեթներ վաճառող տուրիստական գործակալությունների, երեւանամերձ հատվածում հանգստյան գոտիներ ունեցողների կողմից է ուղղորդվում: Լրագրողը գալիս է, ամբողջ լճի ավազանով պտտվում է մի քանի ժամ, որ մի հատ կանաչ հատված գտնի, այդ կանաչ հատվածը մի կերպ գտնում է, կամ եթե չի գտնում, նախորդ օրվա լուսանկար է տեղադրում, ասում է՝ գիտեք՝ Սեւանն այս վիճակում է: Մեկը չի ասում, որ ժամերով փնտրել է, կիլոմետրերով պտտվել է, ամբողջը մաքուր էր եւ միայն մի հատվածն է կանաչ եղել: Հենց այդտեղից է նկատվում, որ միտում կա: