
<<Լիճք-Արգիչի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում` Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը: