Օրենսդրություն

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Գործունեություն

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, բնապահպանական, գիտահետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առարկան պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Կազմակեպությունը ապահովում է Սևանա լճում և դրա ավազանում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը, բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումը և նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը, իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ, վարում բնության տարեգրությունը: ՊՈԱԿ-ը կազմակերպում է նաև բնության թանգարանի գործունեությունը, ապահովում ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների, ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ, իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ, ինչպես նաև բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, նպաստում է ճանաչողական զբոսաշրջության և դրա հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպմանը, պատրաստում ու հրատակարում է գիտական և գիտաճանաչողական գրականություն, տեղեկատվական նյութեր և այլ գործառույթներ: Կազմակերպությունը ունի 1 կենտրոնական գրասենյակ և 7 մասնաճյուղեր` Սևանի, Նորատուսի, Վարդենիկի, Մարտունու, Վարդենիսի, Արևիկի և Արտանիշի, որոնք էլ իրականացնում են կազմակերպության հիմնական գործառություները:

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայր

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ: Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես: Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ: Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավ- արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռելիկտային բնական նոսր անտառների պահպանությունը:

 

<<Գիլլի>> արգելոց

<<Գիլլի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում` Գիլլի ջրանցքի, Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը` 485 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը` արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրման և զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների պահպանությունը` որպես թռչունների բնադրավայր:

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Թռչուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգաբանական խմբերին.

  1. Սուզակներ (Podicipediformes)
  2. Ձկնկուլ (Pelecaniformes)
  3. Արագիլ, տառեղ, ջրցուլ (Ciconiiformes)
  4. Ֆլամինգո (Phoenicopteriformes)
  5. Գիշատիչներ (Falconiformes)
  6. Սագեր, բադեր, կարապներ (Anseriformes)
  7. Հավազգիներ (Galliformes)
  8. Կռունկ, փարփար (Gruiformes)
  9. Որոր, կտցար, քարադր (Charadriiformes)
  10. Աղավնազգիներ (Columbiformes)
  11. Կկուներ (Cuculiformes)
  12. Բու (Strigiformes)
  13. Այծկիթ (Caprimulgiformes)
  14. Մանգաղաթևեր, ծիծեռնակներ (Apodiformes)
  15. Մեղվակեր, հոպոպ, ալկիոն (Coraciiformes)
  16. Փայտփոր, վիզգցուկ (Piciformes)
  17. Ճնճղուկանմաններ (Passeriformes) – 102 տեսակ:

        

կռնչան բադ                                 լոր                         թխակապույտ աղավնի

39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից մեկը` Հայկական որորը (Laurus armenicus) էնդեմիկ տեսակ է: Ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպող 267 տեսակի թռչուններից 20-ը ներկայումս հազվագյուտ են, սակայն գրանցված չեն Հայաստանի Կարմիր գրքում: Դրանք են` մոխրայտ սուզակը, մեծ սուզակը, սպիտակ փոքր տառեղը, մոխրագույն տառեղը, սև ցինը, տափաստանային ճուռակը, փոքր ենթարծիվը, կարմիր բադը, պիրոլը, սովորական սոխակը, փոքր քարադրը, սևուկ կտցարը, սպիտակավիզ կտցարը, գետային ջրածիծառը, ականջավոր բուն, այծկիթը, ճահճային մկնաճուռակը, սովորական կիվիկը, խայտաբղետ փայտփորը, ժայռային ծիծեռնակը: Ընդ որում` սև ցինը, սովորական սոխակը և սևուկ կտցարը միգրացվող, սակայն ազգային պարկի տարածքում չբազմացող տեսակներից են: Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 39 և տնտեսական արժեք ներկայացնող 29 տեսակների վիճակը ներկայումս գնահատվում է անբավարար` բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով: Սակավաթվությամբ և բնադրավայրերի խոցելիությամբ առանձնապես տագնապալի են Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակների վիճակը` սև ագռավ, վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն, մեծ ձկնկուլ, տարգալկտուց, ճչան կարապ, մոխրագույն բադ, մարմարյա մրտիմն, սպիտակագլուխ բադ, մարգագետնային մկնաճուռակ, Եվրոպական ճնճղաճուռակ, քարարծիվ, սև անգղ, միջերկրածովյան բազե, սապսան, մոխրագույն կռունկ, խայտաբղետ քարակեռնեխ:

Անողնաշարավորներ

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ.

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին: Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

Խեցգետիններ

Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին` պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

Ողնաշարավորներ

Ձկներ

Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի-Salmonidae, սիգազգի Coregonidae և ծածանազգի-Cyprinidae ընտանիքներով: Սաղմոնազգիներին են պատկանում Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler 1877) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով` Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii): Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է (Whitefish – Coregonus lavaretus): Ծածանազգի ձկնատեսակներին են պատկանում լճի երկու էնդեմիկները` Սևանի կողակը (Khrami carp-Varicorhinus capoeta sevangi) և Սևանի բեղլուն (Sevan barble–Barbus goktschaicus): 1980-ական թվականների սկզբից լճում սկսել է հանդիպել նաև արծաթափայլ լճածածանը (Crucian carp–Carassius auratus gibelio), որը պատահաբար լիճ է ներթափանցել Արարատյան դաշտի ջրային համակարգերից: 1987 թվականից Սևանա լճի երկու էնդեմիկ տեսակ՝ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն, ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

 

Երկկենցաղներ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են երկկենցաղների հետևյալ 4 տեսակները, որոնք պատկանում են Ցատկողներ (Salientia) կարգին`

 

         

   լճագորտ                   փոքրասիական գորտ        կանաչ դոդոշ            Շելկովնիկովի ծառագորտ

   Rana ridibunda               Rana macrocnemis             Bufo viridis                      H.a.schelkovnikovi

Սողուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են սողունների 16 տեսակներ, որոնցից 11 տեսակներ պատկանում են մողեսներ (Lacertilia) կարգին, իսկ 5 տեսակ` օձեր (Serpentes) կարգին: Դրանցից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են խայտաբղետ մողեսիկը (E.a.transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva):

 

Փոքրասիական մողես        Ճարպիկ մողես            Ջրային լորտու        Լեռնատափաստանային իժ

         

                   

Կաթնասուններ

“Սևան” ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են կաթնասունների 44 տեսակներ, որոնք պատկանում են հետևյալ կարգերին.

  1. Միջատակերներ (Insectivora),
  2. Կրծողներ (Rodentia),
  3. Նապաստակներ (Logomorpha),
  4. Չղջիկներ (Chiroptera),
  5. Գիշատիչներ (Carnivora),
  6. Սմբակավոր/կճղակավոր կաթնասուններ (Artiodactyla):

Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):