Բնապահպանության ոլորտում դրամաշնորհի փնտրտուքների ընթացքում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը հանդիպեց IDEA WILD հիմնադրամին, որը միջազգային հարթակում հայտնի հիմնադրամ է և որի գործունեության նպատակն է վերազինել, հզորացնել և ակտիվացնել աշխարհի առավել հեռանկարային բնապահպանական կազմակերպություններին` զարգացնելու և խթանելու մոլորակի կենսաբազմազանության պահպանությունը: 
2017թ. հունիսի 30-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը դիմել է IDEA WILD հիմնադրամին՝ բնապահպանության ոլորտում դրամաշնորհ ստանալու նպատակով: Ներկայացրել ենք <<Անօդաչու թռչող սարքերի ձեռք բերում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով>> ծրագիրը, որն ուղղված էր նաև ժամանակակից բնապահպանական տեխնոլոգիաներով ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազիննմանը: IDEA WILD հիմնադրամը հավանության արժանացրեց ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ծրագիրը և 2017թ. նոյեմբերի 26–ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին շնորհեց Parrot DISCO FPV և Parrot Bebop 2 դրոնները՝ 1000$ արժողությամբ:
Դրոնները, հանդիսանալով ժամանակակից բնապահպանական գործիքներ, մեզ օգնեցին խթանել պարկի պահպանության իրականացումը, գնահատել <<Սևան>> ազգային պարկի անտառախիտ տարածքների ներկա վիճակը, ինչպես նաև օժանդակել Սևանա լճում բնադրող ջրլող թռչունների տեսակների ընթացիկ ուսումնասիրության անցկացմանը: Բացի դրանից, դրոնները մեծ նշանակություն ունեցան պարկի տարածքում գտնվող արգելոցների և արգելավայրերի, հատկապես դրանց տարածքում գտնվող էնդեմիկ բուսատեսակների և կենդանատեսակների պահպանության, ինչպես նաև մարդու վնասակար ազդեցությունը կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներում բացառելու առումով: Օգնեցին կանխարգելել հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումները, որովհետև յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր տեսակ, յուրաքանչյուր վայր կարևոր նշանակություն ունի մեր բնաշխարհում, որի պահպանությունն ու պաշտպանությունը մեր հավաքական ապագան է :
Բնությունն այն է, ինչից կախված է մեր կյանքը և գոյությունը: Այն մեր բարօրության և բարեկեցության աղբյուրն է և այն պաշտպանելը մեր պարտականությունն ու առաջնային խնդիրն է:
Նվիրաբերված դրոնները <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի համար կարևոր նշանակություն ունեն, ինչի համար <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր խորին շնորհակալությունն է հայտնում IDEA WILD միջազգային հիմնադրամին: