Առաջիկայում Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի առևտրի անբարեկարգ տաղավարները կապամոնտաժվեն

2019թ. հոկտեմբերի 23-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենը հանդիպել է Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անբարեկարգ տաղավարները նոր տաղավարներով փոխարինելու հարցը: Տնտեսվարողները համաձայնել են գոյություն ունեցող առևտրի անբարեկարգ տաղավարներն ապամոնտաժել և թերակղզու կենտրոնական հատվածում, ավտոկանգառի երկայնքով միատեսակ բարեկարգ տաղավարներ տեղադրել: Նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրենց միջոցներով թերակղզու կենտրոնական հատվածից դեպի եկեղեցի տանող ճանապարհի լուսավորության ցանցի կառուցման և ճանապարհի երկայնքով նստարաններ տեղադրելու վերաբերյալ:
Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:

 

Սևանի թերակղզում կգործի հեծանիվների վարձույթ և կտեղադրվեն բանկոմատներ ու վճարային տերմինալներ

2019թ. հոկտեմբերի 23-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Քննարկվել է թերակղզու տարածքում հեծանիվների վարձույթի 2 կետ հիմնելու հարցը, որոնցից մեկը լինելու է թերակղզու մուտքի մոտ, կանգառի հարևանությամբ, իսկ մյուսը՝ թերակղզու կենտրոնական հատվածում: Քննարկվել է նաև թերակղզու հատվածում բանկոմատնմերի և վճարային տերմինալների տեղադրման հնարավորության հարցը: Տնտեսվարողներն այս հարցում ևս հայտնել են իրենց պատրաստակամությունը: Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:
ՀՀ վարչապետի հայտարարությամբ պայմանավորված, որ ամանորյա տոներին մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստանի Հանրապետություն, և Երևանի հյուրանոցներն ու ռեստորաններն աշխատելու են ամբողջ ծավալով, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում քննարկվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի հյուրանոցների և ռեստորանների՝ ամանորյա տոներին աշխատելու և տոնական միջոցառումների կազմակերպման հարցը:
Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցների /ներկայացուցիչների/սեփականատերերի/ հետ քննարկվել է նաև Ծաղկաձորից դեպի Սևանի թերակղզի և Սևանից դեպի Ծաղկաձոր անվճար ավտոբուսներ տրամադրելու և զբոսաշրջիկներին տեղափոխելու հարցը, ինչը էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հերթական քայլը/անակնկալը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը բանակցություններ է վարում պարկի տարածքի տնտեսվարողների հետ՝ մաքրող, լվացող միջոցները բնական ծագում ունեցող մաքրող նյութերով փոխարինելու համար, որոոնց վերջնական արգասիքները բնության մեջ ենթարկվում են ինքնաքայքայման և չեն ախտոտում մակերևույթային ջրերն ու շրջակա միջավայրը:
Պարկի տնտեսվարողներից՝ «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն առաջինն է, ով արդեն համաձայնել է ձեռք բերել և օգտագործել այդ բնական ծագում ունեցող մաքրող, լվացող և անձնական հիգիենայի համար նախատեսված նյութերը: Ինչպես նաև «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել լինել առաջամարտիկը նշված նյութերի ներկրման, մնացած տնտեսվարող սուբյեկտներին դրանց մատակարարման հարցում:

Սևանի հատակի մաքրման աշխատանքները շարունակվում են

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ սուզորդների աջակցությամբ՝ կամավոր հիմունքներով իրականացնել Սևանա լճի հատակում խորտակված հին ձկնորսական ցանցերի մաքրման աշխատանքներ։
Նմանատիպ աշխատանքներ նախկինում ևս իրականացվել են և այսուհետ կլինեն շարունակական։ Նաև նախատեսվում է փոխհամագործակցության հուշագիր կնքել «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև:

 

Թափուր աշխատատեղ

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՏԵՍՈՒՉԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:

Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…

Թափուր պաշտոնի անվանումը – <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Պահպանության բաժնի անտառների պահպանության և արդյունագործական ձկնորսության հսկողության խմբի տեսուչ

Տեսուչի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն),
• 1 տարվա աշխատանքային փորձ կամ կազմակերպությունում հաջողությամբ անցած փորձաշրջան.
• <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, ՀՀ անտառային օրենսդրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.
• տեղագրական, լանդշաֆտային և անտառաբուսական պայմանների, դրանց խնամքի առանձնահատկությունների, անտառներում հրդեհային անվտանգության և կանխարգելիչ միջոցառումների կանոնների, անտառային հրդեհները մարելու մեթոդների ու միջոցների, կարգապահական, նյութական, վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթների, անտառօգտագործման տարբեր տեսակի փաստաթղթերի ձևակերպման և հանձնման, արձանագրությունների (ակտերի) կազմման և ներկայացման կարգերի, անտառի հիվանդությունների և անտառային վնասատու միջատների ի հայտ գալու նշանների, փայտանյութի կառուցվածքի մասին տեղեկությունների և նրա հատկությունների, կցովի և կախովի գործիքների շահագործման հիմունքների, շարժիչավոր սղոցի շահագործման կանոնների իմացություն՝ անտառային տնտեսության և անտառի մշակման աշխատանքներ իրականացնելիս,
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:

Տեսուչի աշխատանքային պարտականություններն են՝
• Հստակ իմանալ պարկի տարածքը, նրա միջով անցնող ճանապարհները.
• Բացառել ապօրինի ծառահատումները, որսը, զանազան գողութունները, ապօրինի արածեցումը և այլ խախտումները.
• Իրականացնել ամենօրյա ստուգայցեր.
• Կանխել տարածքից օգտվելու կանոնների խախտումները.
• Անտառային հրդեհների ժամանակ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցություն ունենալ և կառավարել՝ մինչ բարձրաստիճան պաշտոնատար անձի ժամանումը, ինչպես նաև հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին.
• Իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերում և կանխում, հակահրդեհային անվտանգության միջոցառումներ, կանխել անտառների վնասատուների և հիվանդությունների տարածումը.
• Ապահովել անտառների արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
• Ապահովել անտառների սանիտարահիգիենիկ վիճակի պահպանությունը.
• Պահպանության ռեժիմի ցանկացած խախտումների մասին կազմել արձանագրություն (ակտ) և անհապաղ ներկայացնել անմիջական ղեկավարին.
• ապահովել ՀՀ անտառային օրենսդրությամբ, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքով, <<Սևան>> ազգային պարկ>> պետական հիմնարկը վերակազմակերպելու, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ Կառավարության 30.05.2002թ-ի N 927-Ն որոշմամբ սահմանված այլ բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը.
• Բացատրական աշխատանք իրականացնել բնակչության շրջանում՝ անտառների պահպանության, հակահրդեհային անվտանգության և տարածքներում սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման վերաբերյալ.
• Անտառում վնասատուներ հայտնաբերելու, ինչպես նաև անտառի հիվանդացումների, հողմնահարումների և չորացումների դեպքում անհապաղ տեղյակ պահել անմիջական ղեկավարին.
• Օրենքով սահմանված դեպքերում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո վերցնել պահպանության ռեժիմը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը և դրանք հանձնել անմիջական ղեկավարին.
• ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարականների համաձայն իրականացնել շուրջօրյա հերթապահություններ, ստուգայցեր.
• Աշխատանքի ժամանակ կրել համազգեստ.
• Անմիջական ղեկավարի և ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ իրականացնել այլ ծառայողական հանձնարարություններ.
• Ըստ անհրաժեշտության օժանդակել ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների կատարման համար.
• Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 31 հոկտեմբերի 2019թ.:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Աշխատանքային գրույկի պատճենը, կամ հայտարարություն աշխատանքային ստաժի վերաբերյալ,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):

Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:

Մրցույթի անցկացման վայրը՝
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ

Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
01 նոյեմբեր 2019թ., ժամը՝ 11:00-ին