Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։
Վիշապ (հուշարձան)
Վիշապ, վիշապներ, վիշապաքարեր — մեգալիթյան հուշարձան, քարակոթող, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Հայտնի են «Վիշապաքար» անունով։ Խորհրդանշել են տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի`
- ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով),
- ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ),
- ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները):
Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:
Հայաստանում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր հայտնաբերվել են Վիշապների պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։
Ենթադրվում է ,որ վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ։ Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արշախեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմակագան գյոլի և Գեմերզեկ բնակավայրերի մոտ։ Չնայած ոռոգման համակարգի կառույցները հնարավոր չէ ճիշտ թվագրել, բայց գիտնականները վիշապները կապում են հին շրջանի պտղաբերության և ջրի պաշտամունքի հետ:
<<Սևան>>ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի պահպանության գոտում տեղակայված են՝ Արտանիշ ծովածոցում, Գեղամա լեռներում <<Քարե ձի>> կոչվող բնակավայրում:
Սպիտակ բերդ Աղջապալա միջնադարյան ամրոց
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Ամրոցը տեղադրված է Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին, Գետիկ գետի աջ ափին, Աղջաղալա կոչվող գյուղատեղիից (այստեղ պահպանվել են շինությունների և եկեղեցու մնացորդներ, խաչքարեր) 1 կմ հարավ-արևմուտք, ՙԿարմիր եղցի՚ կամ Հին Գետիկի վանքի հյուսիսային տեսադաշտի դիմաց վեր խոյացող Աղջաղալա լեռան գագաթին: Մատչելի է Այգուտ և Մարտունի գյուղերից դեպի սարահարթ տանող ճանապարհով, ապա ամրոցի բարձունքը ոտքով հաղթահարելով: Դղյակը շարված է տեղական, սպիտակավուն երանգ ունեցող կրաքարի ճեղքված բեկորներով ու կրաշաղախով: Հուշարձանը ներքուստ ամբողջովին լցված է փլատակներից առաջացած քարակույտերով և ներքին հատակագծային տեսանելի որոշակիություն չունի: Հուշարձանի համատեքստում պահպանվել են նույն անունը կրող ընդարձակ բնակատեղին` 13-14-րդ դդ. եկեղեցու ավերակներով և մի քանի գերեզմանոցներով, որոնց հուշակոթողների թվագրությունը ևս վերաբերում է 10-14-րդ դդ.:
Դաշտալեռ ամրոց
Արտանիշ գյուղից հինգ կիլոմետր դեպի հարավ ու Ջիլ գյուղից դեպի հյուսիս երկու կիլոմետր, այդ գյուղերի մեջ ընկած ճանապարհից 500 մետր ՛դեպի Սևանա լիճը կա մի առանձին բարձունք, որն իր շրշապատից բարձր է շուրջ 100 մետր, և այդ բարձունքի վրա գտնվում է հնագույն Դաշտալեռ ամրոց-շենը։ Բարձունքը իր ստորոտներից մինչև գագաթը խիստ քարքարոտ է, նրա լանջերը գրեթե միատեսակ դյուրամատչելի են։ Լանջերը, հատկապես արևելյան ու հարավային, անընդմեջ ծածկված են բնակարանների ավերակներով։ Բերդ-շենի պարիսպները կառուցված են ոչ մեծ քարերից, որոնք անտաշ ու առանց միացնող շաղախի թափված են միմյանց վրա։ Բարձունքի գագաթը շրջանաձև, 2000 քառակուսի մետր տարածությամբ ներփակված է պարիսպներով, մուտք ունենալով դեպի հարավ-արևմուտք։ Մեր կարծիքով, սա ամրոց-շենի միջնաբերդն է եղել և, ի տարբերություն մյուս ամրոցներիորոնց միջնաբերդը գտնվում է ամրոցի որևէ բարձրադիր մասում, սրա միջնաբերդը գտնվում է ամրոց-շենի կենտրոնում։ Նրա շրջապատը ծածկված է կացարանների ավերակներով և 20—50 մետր երկարությամբ անցնում է երկրորդ պարիսպը, որը իր հարավային մասով միանում է երրորդ պարսպին։ Այս երկու պարիսպների միջև նույնպես կան կացարաններ։ Ամրոց-շենի չորրորդ, ոչ լրիվ պարիսպը սկսվում է երրորդ պարսպի հյուսիս-արևելյան մասից և, շրջանցելով ամրոցը արևելյան կողմով, շարունակվում է դեպի հարավ և վերջանում մի խումբ ժայռերի մոտ, որոնք գուցե քարաբուրգերի դեր են խաղացել։ Այս պարիսպը չի միանում որևէ պարսպի հետ։ Պարսպի լայնությունը երեք մետր է։ Երկրորդ և երրորդ պարիսպների միացման տեղը կարծես աշտարակի ավերակ լինի։ Նույնանման աշտարակի մնացորդներ երևում են երրորդ պարսպի հարավային մասում, որտեղ գտնվում է նաև մուտքը դեպի ամրոց։ Պարիսպներում, հատկապես չորրորդում, օգտագործված են բնական ժայռերը, ինչպես դա տեսանք Սևանա լճի հարավային և արևմտյան ափերում եղած ամրոցներում, նրանց ընդգրկելով պարսպի մեջ։ Ամրոց-շենը զետեղված է Սևանա լճի հյուսիսարևելյան կողմում գտնվող հովտում լճի մյուս ափին, Նորատուս գյուղին մոտ։ Հերի դարի ամրոցի ուղիղ դիմացը, իրենց դիրքով ու կառուցողական տեխնիկայով երկուսն էլ հիշեցնում են միմյանց։ Դաշտի լեռ ամրոցը հավանաբար պահակային հենակետ է եղել լճի արևմտյան ափում, Վելիքուխի երկրի ցեղերի կողմից հարձակումները կանխելու համար։ Ամրոցի շրջապատը հարուստ է ջրառատ առուներով։
Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
Արտանիշ գյուղի ամրոց
Ամրոցը գտնվում է գյուղի արևմտյան ծայրամասում եղած բարձունքի հարավային լանջում։ Գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն (150X65 մետր)։ Նրա ներսում ու դրսում նկատելի են կացարանների հետքեր։ Ամրոցի պարիսպների լայնությունը երեք մետր է, կացարանների պատերը ավելի նեղ են, չնայած կառուցման տեխնիկան նույնն է։ Ամրոցի մակերեսը պատերով բաժաված է երեք մասի, որից երկուսը հավասար մեծություն ունեն, մեկը ավելի մեծ է և գրավում է բարձունքի առավել բարձր մասը ու հավանաբար միջնաբերդի դեր է խաղացել, իսկ մյուս երկուսը եղել են որպես թաղամասեր, որոնք ընդհանուր պատնեշով միացվել են միմյանց հետ։ Ամրոցի մուտքը եղել է նրա արևելյան մասում։ Չնայած ամրոցի տարածքում կան խեցեղենի մանր բեկորներ, սակայն նրանց միջոցով որոշել ամրոցի ժամանակաշրջանը անհնար է։ Միայն պարիսպները, որ շարված ՚ են կոպիտ, անտաշ, ճեղքված բազալտ ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի և մանր քարերի լիցքի, ենթադրել են տալիս, որ այս ամրոցը ավելի վաղ ժամանակների կառույց է, թերևս II դ. հազարամյակի առաջին կեսի (մ. թ. ա.)։ Ամրոցից դեպի հարավ, բարձունքի ստորին լանջերը և ստորոտը ծածկված են միջնադարյան հայկական գերեզմաններով, իսկ նրանից էլ դեպի հարավ, Սևանա լճի ցամաքած մասում հայտնաբերվեց մի մեծ դամբարանադաշտ, որը, մեր կարծիքով, կարող է առնչվել ամրոցի ժամանակաշրջանի հետ։ Ամրոցից դեպի հյուսիս, մեկ ու կես կիլոմետր հեռու գտնվող սարահարթի վրա, որը ավելի բարձր է, քան նշված ամրոցը, պահպանվել է մի առանձին կիկլոպյան կառույցի հետք։ Այս կառույցը հավանորեն եղել է դիտակետ։ Այն ունի կիսաշրջանաձև, երկու մետր լայնությամբ, ավելի մանր քարերով շարված պատեր, որոնց երկու ծայրերը միանում են հյուսիս-արևելյան կողմից բարձրացող անառիկ ժայռաբլրին։ Պատերից պահպանվել է միայն մի շարը։ Կառույցը ունի 55×35 մետր մակերես։ Ամրոցի, ինչպես նաև դիտակետի շրջակայքում , ջուր չկա։
Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
Մաքենյաց վանք
Մաքենյաց վանք, Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից:
Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք): 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին:
728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հզ. հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին: 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ: 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյաց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն:
Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը: 16-րդ դարում այն նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին: 18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ: Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է 11-րդ դար, Եդեսիայից):
Ս. Աստվածածին եկեղեցին գմբեթավոր, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, եռախորան, արևելքում և հյուսիսարևմտյան անկյունում ավանդատներով հորինվածք ունի: Վանքի հարավարևելյան կողմում կանգուն են միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներ (10-րդ դար): 1170 թվականին Ներսես Շնորհալին Մեքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար
Վանեվանի վանք
Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։
914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։
980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։
Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։
Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։
Կոթավանք
Կոթավանք, կիսավեր հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։
Շողագավանք
Շողագավանք, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Հայաստանի Մարտունու շրջանում՝ Ձորագյուղի արևմտյան կողմում։ Գլխավոր՝ սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին քառորդին՝ Գեղարքունիքի մեծ տիկին Մարիամի միջոցներով։
Պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ ճակատները մշակված են եղել հատվածքում կիսաշրջանաձև (եզակի երևույթ), զույգ խորշով։ Պահպանվել են շինարարական արձանագրության առանձին բեկորներ։
Գլխավոր եկեղեցուց արևմտյան հատակագիծը գտնվում են միանավ, արտաքուստ բազմանիստ աբսիդով (5-րդ դար, վերակառուցվել է 9-10 դարեր) և քառախորան գմբեթավոր եկեղեցիների հիմնապատերը։ Վանքի շուրջը տարածված ընդարձակ գերեզմանատան մեջ կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, հնագույնը՝ 1216 թվական։
«Բերդի գլուխ» ամրոց
«Բերդի գլուխ» ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին: Սարահարթի հյուսիսային լանջը ավելի քիչ թեքություն ունի, քան հարավայինը, ծածկված է խոշոր ժայռերով, ինչի արդյունքում լանջը դարձել է անանցանելի: Հարավային լանջին երևում են կացարանների հետքեր, որտեղ որպես պատ օգտագործվել են վերևից գլորված խոշոր ժայռաբեկորները:
«Բերդի գլուխ» ամրոցը ունեցել է երկու շինարարական շրջան` մինչուրարտական և ուրարտական: 1827 թվականին «Բերդի գլուխ» ամրոցում հայտնաբերվել է ուրարտական թագավոր Ռուսա I թողած արձանագրությունը: Ամրոցը չորս կողմից շրջապատված է եղել ամուր պարիսպներով, որոնք ունեցել են բարձր աշտարակներ: Միջնապարսպով այն բաժանվել է երկու մասի` արևմտյան և արևելյան: Արևմտյան մասը ավելի քիչ տարածություն է գրավել, իսկ արևելյան ընդարձակ մասը եղել է պարսպապատված բնակավայր:
Ամրոցի գլխավոր մուտքերը գտնվել են հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան անկյուններում, որտեղից պարսպապատված ճանապարհները ձգվել են դեպի միջնաբերդ: Միջնաբերդը հին ժամանակներից ի վեր օգտագործվում է որպես գերեզմանոց: Այս հուշարձանին որպես ենթահուշարձան հաշվառված է 1374թ. կառուցված ս. Ստեփանոս մատուռը` բազմաթիվ խաչքարերով : Գավառ քաղաքի կենտրոնական մասում, որտեղ այժմ պետական թատրոնի շենքն է, եղել է մեծ դամբարանադաշտ: Դամբարանադաշտում կատարված հնագիտական պեղումների ընթացքում բացված դամբարանից գտնված իրերը առնչվում են «Բերդի գլուխ» ամրոցի դամբարանային համալիրներին: Նման դամբարաններ բացվել են նաև ամրոցի հարավային լանջին, իսկ «Խաչեր» կոչվող սարահարթի հարավային լանջին հայտնաբերվել ու պեղվել է մի քարայր, որում կատարվել էր խմբային թաղում: Թաղումներում հայտնաբերված կավանոթները թվագրվում են մ.թ.ա. IX-VIII դարերով: Դամբարանների զգալի մասը պեղել է նշանավոր հնագետ, ազգագրագետ Երվանդ Լալայանը:
«Բերդի գլուխ» ամրոցն իր շրջակայքում աղբյուր կամ առու չի ունեցել: Արհեստական գետնուղով կապվել է Գավառագետի հետ, որտեղից ջուր է բերվել ամրոց: 1964 թ. բացվել է գետնուղու մի հատված, որտեղից հայտնաբերվել են 8-10սմ. տրամագծով լավ թրծված կավե խողովակներ: Գավառագետի վրայի սալաքարերից կառուցված կամուրջը պահպանվել է առ այսօր: Այն Հայկական լեռնաշխարհի եզակի կառույցներից է:
Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.