Մաշտոցներ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան:
Թանգարանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման նպատակով, թանգարանի կենտրոնի ղեկավար  Էմմա Քոչարյանը և տեղեկատվության գծով մասնագետ Թամարա Կիրակոսյանը շրջայցի ընթացքում շահառուներին ծանոթացրել են Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհին, դրանց պատմությանը, ծագմանը և ցուցադրեցին անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ:
Հետագայում ևս նախատեսվում է կազմակերպել նմանատիպ այցելություններ ոչ միայն շահառուների, այլև նրանց ընտանիքի անդամների համար:

Նյութի աղբյուր՝ probation.am

Վիշապ (հուշարձան)

Վիշապ, վիշապներ, վիշապաքարեր — մեգալիթյան հուշարձան, քարակոթող, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Հայտնի են «Վիշապաքար» անունով։ Խորհրդանշել են տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի`

  1. ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով),
  2. ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ),
  3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները):

Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:
Հայաստանում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր հայտնաբերվել են Վիշապների պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։
Ենթադրվում է ,որ վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ։ Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արշախեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմակագան գյոլի և Գեմերզեկ բնակավայրերի մոտ։ Չնայած ոռոգման համակարգի կառույցները հնարավոր չէ ճիշտ թվագրել, բայց գիտնականները վիշապները կապում են հին շրջանի պտղաբերության և ջրի պաշտամունքի հետ:
<<Սևան>>ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի պահպանության գոտում տեղակայված են՝ Արտանիշ ծովածոցում, Գեղամա լեռներում <<Քարե ձի>> կոչվող բնակավայրում:

Խեցգետին

Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին՝ պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և Հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին (անողնաշարավոր կենդանիների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:

Ձկներ

Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը:

1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Այս շրջանում համապատասխան վերարտադրման պայմաններ են ստեղծվում սիգի համար և 1960 թ-ից սկսած դրա պաշարները աճում են՝ 1965 թ-ին կազմելով ձկան տարեկան որսի 40 %-ը: Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5 %, կողակինը՝ 32 %: Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները:

Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ  1976 թ-ից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 թ. այն ընդգրկվում է ՍՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թ. Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են նաև Հայաստանի Կարմիր գրքում: Սիգի քանակը այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տ: 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին սիգի պաշարները հասան առավելագույն քանակի` կազմելով 16000-18000 տ:

1980-ական թվականների սկզբից լճում սկսեց արագորեն աճել ծածանի քանակը:

 Այսպիսվ, ներկայումս լճում արդյունահանվում են սիգը և ծածանը: Ընդ որում` սիգը կազմում է ընդհանուր որսի 80 %-ից ավելին: Իշխանի 4 ենթատեսակներից լճում մնացել են գետում ձվադրող ձևերը՝ գեղարքունին և ամառային բախտակը: Ամառային բախտակի պոպուլյացիան ներկայումս գտնվում է անհետացման եզրին: Ստորև բերվում են ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը:

Սպիտակ բերդ Աղջապալա միջնադարյան ամրոց

Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Ամրոցը տեղադրված է Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին, Գետիկ գետի աջ ափին, Աղջաղալա կոչվող գյուղատեղիից (այստեղ պահպանվել են շինությունների և եկեղեցու մնացորդներ, խաչքարեր) 1 կմ հարավ-արևմուտք, ՙԿարմիր եղցի՚ կամ Հին Գետիկի վանքի հյուսիսային տեսադաշտի դիմաց վեր խոյացող Աղջաղալա լեռան գագաթին: Մատչելի է Այգուտ և Մարտունի գյուղերից դեպի սարահարթ տանող ճանապարհով, ապա ամրոցի բարձունքը ոտքով հաղթահարելով: Դղյակը շարված է տեղական, սպիտակավուն երանգ ունեցող կրաքարի ճեղքված բեկորներով ու կրաշաղախով: Հուշարձանը ներքուստ ամբողջովին լցված է փլատակներից առաջացած քարակույտերով և ներքին հատակագծային տեսանելի որոշակիություն չունի: Հուշարձանի համատեքստում պահպանվել են նույն անունը կրող ընդարձակ բնակատեղին` 13-14-րդ դդ. եկեղեցու ավերակներով և մի քանի գերեզմանոցներով, որոնց հուշակոթողների թվագրությունը ևս վերաբերում է 10-14-րդ դդ.:

Դաշտալեռ ամրոց

Արտանիշ գյուղից հինգ կիլոմետր դեպի հարավ ու Ջիլ գյուղից դեպի հյուսիս երկու կիլոմետր, այդ գյուղերի մեջ ընկած ճանապարհից 500 մետր ՛դեպի Սևանա լիճը կա մի առանձին բարձունք, որն իր շրշապատից բարձր է շուրջ 100 մետր, և այդ բարձունքի վրա գտնվում է հնագույն Դաշտալեռ ամրոց-շենը։ Բարձունքը իր ստորոտներից մինչև գագաթը խիստ քարքարոտ է, նրա լանջերը գրեթե միատեսակ դյուրամատչելի են։ Լանջերը, հատկապես արևելյան ու հարավային, անընդմեջ ծածկված են բնակարանների ավերակներով։ Բերդ-շենի պարիսպները կառուցված են ոչ մեծ քարերից, որոնք անտաշ ու առանց միացնող շաղախի թափված են միմյանց վրա։ Բարձունքի գագաթը շրջանաձև, 2000 քառակուսի մետր տարածությամբ ներփակված է պարիսպներով, մուտք ունենալով դեպի հարավ-արևմուտք։ Մեր կարծիքով, սա ամրոց-շենի միջնաբերդն է եղել և, ի տարբերություն մյուս ամրոցներիորոնց միջնաբերդը գտնվում է ամրոցի որևէ բարձրադիր մասում, սրա միջնաբերդը գտնվում է ամրոց-շենի կենտրոնում։ Նրա շրջապատը ծածկված է կացարանների ավերակներով և 20—50 մետր երկարությամբ անցնում է երկրորդ պարիսպը, որը իր հարավային մասով միանում է երրորդ պարսպին։ Այս երկու պարիսպների միջև նույնպես կան կացարաններ։ Ամրոց-շենի չորրորդ, ոչ լրիվ պարիսպը սկսվում է երրորդ պարսպի հյուսիս-արևելյան մասից և, շրջանցելով ամրոցը արևելյան կողմով, շարունակվում է դեպի հարավ և վերջանում մի խումբ ժայռերի մոտ, որոնք գուցե քարաբուրգերի դեր են խաղացել։ Այս պարիսպը չի միանում որևէ պարսպի հետ։ Պարսպի լայնությունը երեք մետր է։ Երկրորդ և երրորդ պարիսպների միացման տեղը կարծես աշտարակի ավերակ լինի։ Նույնանման աշտարակի մնացորդներ երևում են երրորդ պարսպի հարավային մասում, որտեղ գտնվում է նաև մուտքը դեպի ամրոց։ Պարիսպներում, հատկապես չորրորդում, օգտագործված են բնական ժայռերը, ինչպես դա տեսանք Սևանա լճի հարավային և արևմտյան ափերում եղած ամրոցներում, նրանց ընդգրկելով պարսպի մեջ։ Ամրոց-շենը զետեղված է Սևանա լճի հյուսիսարևելյան կողմում գտնվող հովտում լճի մյուս ափին, Նորատուս գյուղին մոտ։ Հերի դարի ամրոցի ուղիղ դիմացը, իրենց դիրքով ու կառուցողական տեխնիկայով երկուսն էլ հիշեցնում են միմյանց։ Դաշտի լեռ ամրոցը հավանաբար պահակային հենակետ է եղել լճի արևմտյան ափում, Վելիքուխի երկրի ցեղերի կողմից հարձակումները կանխելու համար։ Ամրոցի շրջապատը հարուստ է ջրառատ առուներով։

Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.

Արտանիշ գյուղի ամրոց

Ամրոցը գտնվում է գյուղի արևմտյան ծայրամասում եղած բարձունքի հարավային լանջում։ Գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն (150X65 մետր)։ Նրա ներսում ու դրսում նկատելի են կացարանների հետքեր։ Ամրոցի պարիսպների լայնությունը երեք մետր է, կացարանների պատերը ավելի նեղ են, չնայած կառուցման տեխնիկան նույնն է։ Ամրոցի մակերեսը պատերով բաժաված է երեք մասի, որից երկուսը հավասար մեծություն ունեն, մեկը ավելի մեծ է և գրավում է բարձունքի առավել բարձր մասը ու հավանաբար միջնաբերդի դեր է խաղացել, իսկ մյուս երկուսը եղել են որպես թաղամասեր, որոնք ընդհանուր պատնեշով միացվել են միմյանց հետ։ Ամրոցի մուտքը եղել է նրա արևելյան մասում։ Չնայած ամրոցի տարածքում կան խեցեղենի մանր բեկորներ, սակայն նրանց միջոցով որոշել ամրոցի ժամանակաշրջանը անհնար է։ Միայն պարիսպները, որ շարված ՚ են կոպիտ, անտաշ, ճեղքված բազալտ ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի և մանր քարերի լիցքի, ենթադրել են տալիս, որ այս ամրոցը ավելի վաղ ժամանակների կառույց է, թերևս II դ. հազարամյակի առաջին կեսի (մ. թ. ա.)։ Ամրոցից դեպի հարավ, բարձունքի ստորին լանջերը և ստորոտը ծածկված են միջնադարյան հայկական գերեզմաններով, իսկ նրանից էլ դեպի հարավ, Սևանա լճի ցամաքած մասում հայտնաբերվեց մի մեծ դամբարանադաշտ, որը, մեր կարծիքով, կարող է առնչվել ամրոցի ժամանակաշրջանի հետ։ Ամրոցից դեպի հյուսիս, մեկ ու կես կիլոմետր հեռու գտնվող սարահարթի վրա, որը ավելի բարձր է, քան նշված ամրոցը, պահպանվել է մի առանձին կիկլոպյան կառույցի հետք։ Այս կառույցը հավանորեն եղել է դիտակետ։ Այն ունի կիսաշրջանաձև, երկու մետր լայնությամբ, ավելի մանր քարերով շարված պատեր, որոնց երկու ծայրերը միանում են հյուսիս-արևելյան կողմից բարձրացող անառիկ ժայռաբլրին։ Պատերից պահպանվել է միայն մի շարը։ Կառույցը ունի 55×35 մետր մակերես։ Ամրոցի, ինչպես նաև դիտակետի շրջակայքում , ջուր չկա։

Օգտագործված գրականություն
Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.

Բնության և պատմամշակութային հուշարձաններ

Սևան ազգային պարկի և նրա պահպանական գոտու տարածքում հաշվառված են պատմության և մշակույթի 1489 անշարժ հուշարձաններ (ներառյալ բնական հուշարձանները), այդ թվում.

4 բնական հուշարձաններ,

5 քարե դարի բնակատեղիներ,

19 քարայր կացարաններ,

1 քաղաքատեղի,

31 բնակատեղիներ,

94 գյուղատեղիներ,

8 ազգագրական տներ,

78 ամրոցներ,

2 աշտարակներ,

6 կամուրջներ,

2 քարավանատներ,

9 ջրաղացների համալիրներ և 17 առանձին ջրաղացներ,

11 ձիթհաններ,

3 ջրանցքներ և ջրաբաշխական համակարգեր,

2 ժայռապատկերների խմբեր,

3 սեպագիր արձանագրություններ,

1 ժայռակերտ պաշտամունքային համալիր,

135 եկեղեցիներ,

8 վանական համալիրներ,

89 մատուռներ,

5 վիշապ-քարակոթողներ,

1 մենհիր,

6 կոթողներ,

279 խաչքարերի խմբեր,

159 առանձին խաչքարեր,

2 հուշաղբյուր-կոթողներ,

25 Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձաններ,

2 անվանի գործիչներին նվիրված հուշարձաններ,

107 դամբարանադաշտեր,

14 առանձին պահպանված դամբարաններ,

252 գերեզմանոցներ,

71 տապանաքարերի խմբեր,

33 առանձին պահպանված տապանաքարեր:

 Թվարկված հուշարձանները, որոնք գործնականում ներկայացնում են տարածաշրջանում հայտնի աշխարհիկ և հոգևոր գործառություն ունեցող հուշարձանների համարյա բոլոր տեսակները, ժամանակագրորեն անընդմեջ ընդգրկում են առնվազն Ք.ա. 15-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարը, այսինքն՝ քարե դարից մինչև մեր ժամանակները: Դրանք տեղաբաշխված են Սևանա լճի շուրջը ոչ հավասարաչափ. հուշարձանների ամենախիտ տեղաբաշխումներն առանձնանում են լճի արևմտյան, հարավ-արևմտյան և առավելապես՝ հարավային կողմերում, հաճախ կազմելով տարաժամանակ ու տարաբնույթ հուշարձաններից բաղկացած համալիրներ (բրոնզ- երկաթեդարյան կիկլոպյան ամրոցների, բնակատեղիների, դամբարանադաշտերի, գյուղատեղիների, եկեղեցիների, գերեզմանոցների համադրմամբ), որոնք ներկայացնում են մի ուրույն պատմա- աշխարհագրական և մշակութային միջավայր: