Հայկական արոսենու պահպանությանը միտված հերթական միջոցառմանը ներկա էին նաև Այցելուների կենտրոնի աշխատակիցները

2019թ. նոյեմբերի 27֊ին “Սևան “ազգային պարկ “ՊՈԱԿ ֊ի Այցելուների կենտրոնի աշխատակիցները ներկա գտնվեցին Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և իր ենթակայության տակ գտնվող Երևանի բուսաբանական այգու հետ համատեղ մշակված հայկական արոսենու պահպանությանը միտված հերթական միջոցառմանը։ Քննարկվեցին արդեն իրականացրած գործողությունները վայրի բնության, մասնավորապես, Սևան ազգային պարկում գտնվող հիմնական աձելավայրերում։ Հանդիպման ավարտին Սևանի թերակղզում, Գրողների տանը հարակից ժայռի վրա առանձնացվեց առավել խոցելի առանձնյակների խումբ և պահպանության տակ առնվեց ցանկապատման շնորհիվ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության, ինչպես նաև Հայաստանյան արոսենու պահպանման մասին իրազեկումը համատեղ իրականացնելու վերաբերյալ։

Բնապահպանական իրավունք թեմայով դասընթացը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի այցելուների կենտրոնում

Այսօր «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի այցելուների կենտրոնում կայացավ, Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողների՝ սպասարկման ոլորտի ապագա մասնագետների, բնապահպանական իրավունք թեմայով դասընթացը։ Ներկայացվեցին ցուցասրահում առկա ցուցանմուշները, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի դերը և գործառույթները։
Կազմակերպվեց քննարկում Սևանա լճի հիմնախնդրի, բնության պաշարների պահպանման և այլ թեմաներով… քննարկումը բուռն էր և հետաքրքիր, նոր սերնդի գաղափարները առաջադիմական և խրախուսելի։

Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները

Նյութի աղբյուր`Գեղարքունիքի մարզպետարան

2019 թվականի սեպտեմբերի 24-ից Սևանա լճի ափամերձ հատվածներում իրականացվում են ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մաքրման աշխատանքներն իրականացվում են «Սեւան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում:
Մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 98 հեկտար, որից 4 հեկտարը՝ ամբողջովին ջրածածկ տարածք է, իսկ 94 հեկտարը՝ լրիվ ճահճածածկ: Մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 1901,5 նիշը: «Այս պահին աշխատանքներ են կատարվում երեք տարբեր հատվածներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 40 հեկտար: Աշխատանքներն իրականացնում է «Հարությունյան Շին» շինարարական կազմակերպությունը: Թեեւ նախատեսված է ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներն ավարտի հասցնել մինչեւ դեկտեմբերի 24-ը, սակայն աշխատանքներն ընդհանուր առմամբ դանդաղում են տարածքների ճահճապատ լինելու պատճառով: Ամեն դեպքում, մաքրողներն անում են հնարավորը, որպեսզի թե ջրում, թե ճահճապատ տարածքներում ամբողջությամբ հեռացվեն բույսերն ու արմատները: Մաքրման աշխատանքների համար չափազանց նպաստավոր պայմաններ է ստեղծել չորային ու արեւոտ նոյեմբերը: Սեւանի անտառամերձ տարածքների մաքրման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 112,4 միլիոն դրամ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը:

Առաջիկայում Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի առևտրի անբարեկարգ տաղավարները կապամոնտաժվեն

2019թ. հոկտեմբերի 23-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենը հանդիպել է Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անբարեկարգ տաղավարները նոր տաղավարներով փոխարինելու հարցը: Տնտեսվարողները համաձայնել են գոյություն ունեցող առևտրի անբարեկարգ տաղավարներն ապամոնտաժել և թերակղզու կենտրոնական հատվածում, ավտոկանգառի երկայնքով միատեսակ բարեկարգ տաղավարներ տեղադրել: Նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրենց միջոցներով թերակղզու կենտրոնական հատվածից դեպի եկեղեցի տանող ճանապարհի լուսավորության ցանցի կառուցման և ճանապարհի երկայնքով նստարաններ տեղադրելու վերաբերյալ:
Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:

 

Սևանի թերակղզում կգործի հեծանիվների վարձույթ և կտեղադրվեն բանկոմատներ ու վճարային տերմինալներ

2019թ. հոկտեմբերի 23-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Քննարկվել է թերակղզու տարածքում հեծանիվների վարձույթի 2 կետ հիմնելու հարցը, որոնցից մեկը լինելու է թերակղզու մուտքի մոտ, կանգառի հարևանությամբ, իսկ մյուսը՝ թերակղզու կենտրոնական հատվածում: Քննարկվել է նաև թերակղզու հատվածում բանկոմատնմերի և վճարային տերմինալների տեղադրման հնարավորության հարցը: Տնտեսվարողներն այս հարցում ևս հայտնել են իրենց պատրաստակամությունը: Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:
ՀՀ վարչապետի հայտարարությամբ պայմանավորված, որ ամանորյա տոներին մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստանի Հանրապետություն, և Երևանի հյուրանոցներն ու ռեստորաններն աշխատելու են ամբողջ ծավալով, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում քննարկվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի հյուրանոցների և ռեստորանների՝ ամանորյա տոներին աշխատելու և տոնական միջոցառումների կազմակերպման հարցը:
Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցների /ներկայացուցիչների/սեփականատերերի/ հետ քննարկվել է նաև Ծաղկաձորից դեպի Սևանի թերակղզի և Սևանից դեպի Ծաղկաձոր անվճար ավտոբուսներ տրամադրելու և զբոսաշրջիկներին տեղափոխելու հարցը, ինչը էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հերթական քայլը/անակնկալը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը բանակցություններ է վարում պարկի տարածքի տնտեսվարողների հետ՝ մաքրող, լվացող միջոցները բնական ծագում ունեցող մաքրող նյութերով փոխարինելու համար, որոոնց վերջնական արգասիքները բնության մեջ ենթարկվում են ինքնաքայքայման և չեն ախտոտում մակերևույթային ջրերն ու շրջակա միջավայրը:
Պարկի տնտեսվարողներից՝ «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն առաջինն է, ով արդեն համաձայնել է ձեռք բերել և օգտագործել այդ բնական ծագում ունեցող մաքրող, լվացող և անձնական հիգիենայի համար նախատեսված նյութերը: Ինչպես նաև «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել լինել առաջամարտիկը նշված նյութերի ներկրման, մնացած տնտեսվարող սուբյեկտներին դրանց մատակարարման հարցում:

Սևանի հատակի մաքրման աշխատանքները շարունակվում են

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ սուզորդների աջակցությամբ՝ կամավոր հիմունքներով իրականացնել Սևանա լճի հատակում խորտակված հին ձկնորսական ցանցերի մաքրման աշխատանքներ։
Նմանատիպ աշխատանքներ նախկինում ևս իրականացվել են և այսուհետ կլինեն շարունակական։ Նաև նախատեսվում է փոխհամագործակցության հուշագիր կնքել «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև:

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան:
Թանգարանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման նպատակով, թանգարանի կենտրոնի ղեկավար  Էմմա Քոչարյանը և տեղեկատվության գծով մասնագետ Թամարա Կիրակոսյանը շրջայցի ընթացքում շահառուներին ծանոթացրել են Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհին, դրանց պատմությանը, ծագմանը և ցուցադրեցին անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ:
Հետագայում ևս նախատեսվում է կազմակերպել նմանատիպ այցելություններ ոչ միայն շահառուների, այլև նրանց ընտանիքի անդամների համար:

Նյութի աղբյուր՝ probation.am